Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին
ANALYSIS
Որքան մոտենա խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան իշխանության մեջ խուճապային տարրեր են նկատվելու, Փաշինյանն էլ որոշել է ամբողջությամբ իր բռի մեջ հավաքել գործադիր և օրենսդիր իշխանությունը և հեռացնել բոլոր այն մարդկանց, որոնց վրա փոքր-ինչ կասկած նույնիսկ կարող է ունենալ։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում լուրջ վերադասավորումներ սպասում են թե՛ կառավարության կազմում և թե՛ խորհրդարանում։
Մասնավորապես, Փաշինյանը այս անգամ առանձնահատուկ զգուշությամբ է կազմելու կուսակցության ընտրական ցուցակը։ Իսկ հիմնական միջոցառումը ՔՊ առաջիկա համագումարն է սեպտեմբերին, որի ընթացքում նախ վարչություն կընտրվի, ապա այդ վարչությունն էլ կօգնի Փաշինյանին ընտրական նոր ցուցակ ներկայացնելու։ Այս օրերին որոշ քպականներ, հատկապես փոխնախագահներ՝ Վահագն Ալեքսանյանն ու Գևորգ Պապոյանը շրջում են տարբեր կառույցներով, կամ էլ հեռախոսազրույցներ ունենում տարածքային մարմինների ղեկավարների հետ, որպեսզի համագումարի պատվիրակներին ընտրեն բացառապես իրենց շեֆի ցանկությամբ, պատահական մարդկանց չբերեն համագումար, և, ըստ այդմ, կուսակցության վարչության ընտրություններն էլ խնդրահարույց չդառնան։
Թեպետ կուսակցության վարչությունն ընդլայնվելու է և լինելու է 21 հոգանոց կազմով, Փաշինյանը չի ցանկանում այդտեղ որևէ մեկին տեսնել, ով կհամարձակվի անգամ հակաճառել իրեն։ Թեև վարչության ընտրությունները ներկայացվելու են որպես Ժողովրդավարական ընտրություններ, բայց անցկացվելու են Փաշինյանի տված ցուցումներով, իսկ կուսակցության ներսում գործող կլաններին խստորեն զգուշացվել է, որ որևէ կերպ համագումարի աշխատանքների վրա ստվեր նետելու դեպքում զրկվելու են ամեն ինչից։
Ալլա Հովհաննիսյան




















































