Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը
ANALYSIS
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է վաղուց շրջանառվող այն տեղեկությունները, որ Հայաստանի իշխանություններն ավելի շատ հակված են դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Լրագրողի հարցին ի պատասխան` Փաշինյանը հայտարարել է, թե ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի հարաբերությունները։ Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերություններից, Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ուզում են Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։ Նշել է, թե ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց ինքը չէր ուզենա, որ ստիպված լինեին դրանք դադարեցնելու որոշում կայացնել։ «Որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն»,- ասել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, մինչ փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, Փաշինյանը հաստատել է տեղեկությունները, որ Հայաստանը մտադիր է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։ Այն, որ նման զարգացումը գրեթե անհնար է, երբ փորձում ես լքել ՀԱՊԿ-ն, որտեղ առաջին ջութակը Ռուսաստանն է, միաժամանակ անդամագրվելով մի կազմակերպության, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը կրկին մեծ է, պարզ է, և ոչ միայն փորձագետներին, այլ նաև ցանկացած ողջամիտ մարդու, և հենց դա է պատճառը, որ Ռուսաստանից հնչող մեկնաբանությունները ավելի շուտ ծաղրական են։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Երևանում կարծում են, որ բազմավեկտոր քաղաքականություն են վարում, այդ թվում հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Ըստ Պեսկովի՝ ՀԱՊԿ-ը լքելը Հայաստանի ինքնիշխան հարցն է։ «Բայց միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով, այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- ասել է Պեսկովը։ Սա ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական բառախաղի միջոցով Հայաստանի գործող իշխանություններին ծաղրելու փաստ։ Նույնիսկ գործընկերներն արձանագրում են փաշինյանական իշխանության, քաղաքականության անտրամաբանական և անիմաստ բնույթը։
Մերի Աբգարյան




















































