Air Berlin ավիաընկերության օդաչուները հրաժարվել են աշխատավարձի բարձրացումից
SOCIETYԳերմանական Air Berlin ավիաընկերության օդաչուները ոչ միայն հրաժարվել են աշխատավարձի բարձրացումից, այլեւ համաձայնել են, որ իրենց աշխատավարձը կրճատեն: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ավիաընկերությունը ստիպված է նման միջոցների դիմել վերակազմավորման ծրագրի իրականացման շրջանակում ծախսերը կրճատելու նպատակով:
Ստացված տեղեկությունների համաձայն, տարվա ընթացքում Air Berlin-ի թոփ մենեջմենթի 80 ներկայացուցիչ, այդ թվում նաեւ ընկերության ղեկավար Շտեֆան Պիխլերը, կբախվեն աշխատավարձի 5-10 տոկոսի կրճատման, տեղեկացնում է Informing-ը:
2016-ին մոտավորապես 4 տոկոսով կնվազեցվի ավիաընկերության օդաչուների աշխատավարձը, որոնց թիվը մոտ 1250 է: Բացի այդ, օդաչուները հրաժարվել են նաեւ եկող տարում աշխատավարձի ավելացումից:
Air Berlin-ը մտադիր է նաեւ մոտակա ժամանակներս վերանայել իր աշխատակիցների աշխատանքային գրաֆիկը: Ընկերության ղեկավարությունն այն եզրակացության է հանգել, որ իրենց համար ավելի հեշտ է կրճատել ընդհանուր առմամբ լրացուցիչ աշխատաժամերի քանակը եւ աշխատակիցների աշխատաժամանակը, քան նրանց վճարել առանձին սակագներով:
Spiegel պորտալն իր հերթին տեղեկացնում է, որ այս տարի, 2013 թվականի պայմանավորվածության համաձայն, Air Berlin-ի աշխատակիցները պիտի աշխատավարձին 4 տոկոս հավելավճար ստանային: Աշխատավարձի ավելացումից հրաժարման նոր համաձայնագիրը պիտի ստորագրվի աշնանը:



