Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն
SOCIETY
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 14-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում իրազեկման գործընթացում ներգրավվել է 1850 փրկարարական ծառայող։
Իրազեկման միջոցառումները համակարգված կերպով իրականացվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Փրկարար ծառայության քաղաքային և մարզային վարչությունների ստորաբաժանումները բարձրախոսների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հանրային վայրերում, հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում իրականացնում են իրազեկման գործողություններ։
Մարդաշատ վայրերում տարածվել և տեղադրվել է 7400 պաստառ և 2500 թռուցիկ, որոնք ներառում են հրդեհային անվտանգության հիմնական կանոնները և կարևոր ուղերձներ՝ ներառելով վարքագծի կանոններ։
Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով նախանշված կետերում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։
Ներկայումս 180 մարտական հաշվարկ՝ հիմնականում ամենագնաց տեխնիկայի կիրառմամբ, իրականացնում է հերթապահություն՝ ապահովելով պատրաստություն արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքման համար։
Իրազեկման և հրդեհաշիջման նախապատրաստական միջոցառումներին զուգընթաց անտառածածկ և բուսածածկ տարածքներում իրականացվում է հրդեհային իրավիճակի մշտադիտարկում՝ փրկարար ծառայողների և էկոպարեկների համատեղ ուժերով։
Հավաքագրված տվյալները վերլուծվում են՝ թույլ տալով առավել նպատակային և ճշգրտված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ հատկապես բարձր ռիսկային գոտիներում։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն, խստորեն հետևել հրդեհային անվտանգության կանոններին և հրդեհավտանգ իրավիճակների դեպքում անհապաղ զանգահարել 911։
Շոգ եղանակային պայմաններում նույնիսկ փոքր անփութությունը կարող է դառնալ խոշոր հրդեհի պատճառ՝ սպառնալով բնությանը, մարդու կյանքին և գույքին։
Միայն համատեղ և պատասխանատու վարքագծի շնորհիվ հնարավոր է կանխել հրդեհները, պաշտպանել շրջակա միջավայրը և ապահովել բոլորիս անվտանգությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































