Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց շատ ակտիվ երեխա էր։ Չարաճճի բաներ շատ էր անում։ Մի քանի անգամ կորել է։ Մի անգամ փայտ էին բերել մեր տուն, վարորդն ու իրեն օգնողը տանը հաց էին ուտում, այդ ժամանակ հասկացանք, որ Հովհաննեսը կորել է։ Երեք տարեկան էր։ Ամեն տեղ նայում եմ, չկա։ Մյուս տղաս էլ մեկ տարեկան էր։ Ամուսինս փայտի մեքենայի մեջ էլ նայեց, տեսավ, որ փոքր պատուհանից ներս է մտել ու մեքենայի ներսում քնել։ Մի ժամից ավելի իրեն ենք փնտրել։ Մի անգամ էլ փոքր տղաս դեռ քառասունքի մեջ էր, Հովհաննեսն էլ բակում խաղում էր։ Փոքրին տանը քնեցնում էի, մի քանի րոպեից դուրս եկա, տեսնեմ՝ Հովհաննեսը չկա։ Ում հարցնում եմ, արձագանքում են, որ չեն տեսել իրեն։ Փոքրամարմին երեխա էր, մեծացավ էլ, այդպիսին մնաց, ցանկապատի տակից դուրս էր եկել, գնացել սկեսրայրիս մոտ, նա հարևանի տանը գործ էր անում։ Էլի ամուսինս գտավ տղայիս, տուն բերեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Հովհաննեսի մայրիկը։

Հովհաննեսը ծնունդով Արցախից է՝ Մարտակերտ քաղաքից։ «Առաջին դասարան յոթ տարեկանից սկսեց հաճախել։ Մի կիսամյակ սովորեց, հետո տեղափոխվեցինք Մարտակերտից տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող իմ հայրական գյուղը՝ Կուսապատ։ Այդտեղ էլ դպրոց հաճախեց, 12-րդ դասարանն ավարտեց։ Անմիջապես ավարտելուց հետո զորակոչվեց բանակ։ Մինչև հինգերորդ դասարանը հարվածային էր, լավ էր սովորում։ Բայց երբ տղաները մի քիչ մեծանում են, շատերը սկսում եմ մատների արանքով նայել սովորելուն։ Մեծ սեր ուներ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների նկատմամբ։ Նաև ստեղծագործում էր։ Պատմություններ էր գրում։ Հիմա նաև շատ եմ ափսոսում, որ իր շարադրությունները, ստեղծագործությունները, որոնք ուսուցչուհին փոխանցել էր ինձ, աչքի լույսի պես պահում էի, չկարողացա ինձ հետ վերցնել։ Այնքան արագ ու անսպասելի դուրս եկանք գյուղից, որ չհասցրեցի դրանք վերցնել։ Փոքր գյուղ էր, դասարանում չորս տղա էր սովորում։ Շատ ակտիվ երեխաներ էին, դպրոցում բոլորն իրենց շատ էին սիրում։ Վերջին զանգին այնքան ուրախացան»։

Հովհաննեսի պարտադիր զինծառայությունն անցել է Հադրութում։ «2016 թվականի Քառօրյա պատերազմին դեռ ծառայում էր, դիրքերում է եղել։ Նույն թվականի հուլիսի 7-ին զորացրվել է»։ Զորացրվելուց հետո որոշում է կայացնում անցնել պայմանագրային ծառայության։ «Սիրում էր բանակը, երբ զորացրվեց, ինձ ասաց, որ որոշել է պայմանագրային ծառայության անցնել։ Սկզբում դեմ էի, ամուսինս մի քանի տարվա ծառայող էր, ասաց՝ կտանեմ ինձ մոտ, կողքիս կլինի։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց ամենաշատը մեկ ամիս հետո անցավ պայմանագրային ծառայության»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Երկու շաբաթ տանն էին, երկու շաբաթ՝ դիրքերում։ Սեպտեմբերի 25-ին իրենց դիրքեր բարձրանալու օրն էր, տղաս էլ, ամուսինս էլ գնացին։ Կիրակի օրը պատերազմն սկսվեց։ Անհավատալի մի բան էր. առավոտյան խոր քուն էի մտել, և երբ արթնացա ու բակ դուրս եկա, աղջիկս և տղաս, կանգնած մեր բակում, նայում էին հեռուն։ Կրակոցների ձայները լսել էին, բակ դուրս եկել՝ հասկանալու համար, թե որտեղից են այդ ձայները գալիս։ Այդ պահին միանգամից կանչեցի՝ Հովո՜ս... Հասկացա, թե ինչ է կատարվում, բայց չեմ կարող բացատրել, թե դա ինչ զգացողություն էր։ Վազեցի գյուղամեջ, եղբայրս գյուղապետն էր։ Ինքն արդեն իր մոտ էր կանչել գյուղի տղամարդկանց, որ բարձրանան դիրքեր՝ տղաներին օգնության։ Երբ մի բան էր լինում, բոլորով հավաքվում էին։ Մյուս տղայիս էլ էր կանչել։ Եղբորս ասացի՝ տղաս ու ամուսինս դիրքերում են, այս մի տղայիս ինչո՞ւ ես կանչել։ Ասաց՝ կապ չունի, պիտի բոլորս էլ գնանք, քո տղան էլ, իմ տղաներն էլ։ Իր երեք տղաներն էլ այնտեղ էին, որ նստեին մեքենաները և բարձրանային դիրքեր։ Չգիտեմ, թե ինչ զգացողություն էր, բայց անընդհատ Հովոյիս անունն էի տալիս։ Երևի մի բան զգում էի, որովհետև ո՛չ ամուսնուս անունն էի տալիս, ո՛չ էլ մյուս տղայիս։ Այդ օրերին Մարտակերտից եկան մեր գյուղ, մեզ մոտ մի քիչ ապահով էր։ Անհանգիստ էի, չէի կարողանում իրենց հետ կապ հաստատել։ Սեպտեմբերի 29-ին Հովոս զանգեց. «Մա՛մ, լավ եմ, չանհանգստանաս, քույրիկներիս՝ Մարիամին ու Աննային գյուղից հանի»։ Հրազդանում բարեկամ ունեինք, աղջիկներին գիշերը ճանապարհեցի այնտեղ։ Ինձ էլ էր ասում՝ հետները գնայիր: Հովոյիս ասացի՝ քեզ չեմ կարող թողնել ու գնալ, ինչպե՞ս քեզ թողնեմ կրակի բերան ու դուրս գամ։ Սեպտեմբերի 30-ին գյուղում մի քանի կին էինք մնացել, բոլորին տարհանել էին։ Հոկտեմբերի 1-ին եղբայրս ասաց՝ պետք է Ստեփանակերտ գնաք, այնտեղ ապաստարաններ կան, մենք էլ հանգիստ կլինենք։ Գնացինք Ստեփանակերտ, հետո՝ Շուշի, զանգեց՝ գնում եք Արարատ, ձեզ այնտեղ դիմավորելու են։ Մինչև Արարատ լացելով եմ եկել։ Մինչ օրս ինձ չեմ ներում, որ թողել ու դուրս եմ եկել գյուղից։ Ավշար գյուղում տեղավորվեցինք։ Հրազդանից էլ աղջիկներիս մոտս բերեցի։ Այդ օրը խոսեց բոլորիս հետ։ Մեկ էլ խոսել ենք հոկտեմբերի 6-ի առավոտյան։ Այդ օրն ինձ հարցրեց. «Մամ, ի՞նչ են ասում, կռիվը ե՞րբ է պրծնելու»։ Ասացի, որ ոչինչ էլ չեն ասում։ Ու իրեն իմ ցանկությունը փոխանցեցի՝ սպասում եմ, թե երբ եք գալու, տուն հասնեք։ «Գալու ենք, մա՛մ, կգամ»։ Այդ օրն էլ քույրիկների հետ խոսեց, տատիկ-պապիկի, եղբորս կնոջ։ Կարծես սիրտը մի բան զգար. «Մա՛մ, երեխեքին լավ կնայես»։ Այդ օրը հինգ անց կես դեպքը եղավ»։ Հոկտեմբերի 6-ին Հովհաննեսը զոհվում է Մատաղիսում։ Հոկտեմբերի 1-ին նա և ընկերը մարտի դաշտում լեյտենանտի կոչում էին ստացել։ «Մարտակերտից տեղափոխվել էին Մատաղիս։ Իրենք օգնության էին գնացել, նա գնդացրորդ էր։ Սկզբից վիրավորվել է ոտքից։ Շտապօգնություն են կանչել, որ վիրավորներին դուրս բերեն, հարվածել են մեքենային»։

Հովհաննեսի հայրիկն էլ է մարտի դաշտում եղել։ «Այդ ընթացքում կրակի տակով սնունդ էր հասցնում տղաներին։ Ամուսինս այդ պահին իր կողքին չի եղել, բայց իրեն ասել էին։ Ինձ բոթն այդ օրը չեն հայտնել։ Գիշերը երազ տեսա, կարգին չէինք էլ քնում, անհանգիստ մարդն ինչպես կարող է քնել։ Երազումս, կարմիր շորեր հագած, կրակի մեջ պարում էի։ Առավոտյան յոթն անց կեսից զանգում էի, շատ անհանգիստ էի։ Հովոյին զանգեցի, զանգերը գնում էին, բայց չէր պատասխանում։ Ամուսինս անջատում էր զանգերը։ Գյուղում ինչքան ծառայողի համար ունեի, զանգում էի, կա՛մ անջատում էին, կա՛մ անհասանելի էին։ Սիրտս տեղից դուրս էր գալիս, զգում էի, որ մի բան այն չի։ Զանգերիցս մեկին ամուսինս պատասխանեց։ Առաջինը Հովոյիցս հարցրեցի, ասաց, որ վիրավոր է, բերում են Երևան։ Ամուսնուս ասացի՝ խաբում ես, արձագանքեց՝ հա։ Միայն այն եմ հիշում, որ առանց կոշիկ հագնելու, վազում էի, թե ուր, ես էլ չգիտեմ։ Եղբայրս սթափեցրեց՝ մարդ կա, իր երեխուն չի գտնում, ուրախացի, որ երեխուդ գտել են»։

Մայրիկը վերադառնում է հայրենի գյուղ։ «Մեքենայով գնում էինք, ու չգիտեի, որ մեր առջևից տղայիս են տանում։ Հասել ենք տուն, ասել եմ՝ եկել եմ, Հովո՛, մամային էս ո՞նց ես դիմավորում։ Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել, չեմ կարողանում այցելել։ Գյուղում հուշաղբյուր և խաչքար կանգնեցրին տղայիս անունով։ Դպրոցի Հայոց լեզվի և գրականության դասասենյակն իր անունով անվանակոչեցին։ Գյուղի միակ զոհն էր»։

Ապրելու ուժի մասին։ «Հովհաննեսս մեծ տղաս էր, հետո Արմենս է, Մարիամն ու Աննան։ Մարիամս ամուսնացած է, աղջիկ ունի, այնքան նման է Հովոյիս։ Իր շարժումների, հայացքի մեջ Հովոյիս եմ տեսնում։ Երբ Հովոյիս մահվան առաջին տարելիցը լրացավ, շատ ծանր վիճակում հայտնվեցի հիվանդանոցում։ Մի օր տղայիս տեսա՝ տեսի՞լք էր, երա՞զ, չգիտեմ։ Ասաց՝ մա՛մ, սա քո տեղը չի, գիտես, որ մեր երեխեքը սոված են, գնա տուն։ Դրանից հետո ինչ-որ անհասկանալի ուժ և ապրելու հույս գտա։ Քիչ-քիչ սկսեցի ապրել։ Ճիշտ է, իր բացակայությունը ոչ մեկ չի կարող լրացնել, բայց երեխաներս հիմա ինձ ապրեցնում են»։

Հ. Գ. - Լեյտենանտ Հովհաննես Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արցախում՝ Կուսապատ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank