«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին
POLITICS
«Փաստ»֊ը շարունակում է հետևել երեք անչափահաս երեխաների մոր՝ Լիանա Հարությունյանի կալանավորումից հետո ընթացող զարգացումներին, որոնք հանրային լայն հնչեղություն են ստացել։
Այսօր առավոտյան Աբովյանի ՔԿՀ-ից ուղիղ եթերով հանդես գալով՝ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, մասնավորապես հայտարարեց. «Դատարանը որոշումը դեռևս ինձ չի տրամադրել։ Որոշումը կայացնում են հատուկ ուրբաթ օրերին, որպեսզի դիմացը լինեն ոչ աշխատանքային օրեր, պաշտպանը չունենա դատարանի որոշումը և չկարողանա այն բողոքարկել։ Այդ կերպ շահում են ժամանակ՝ մարդուն զրկելով ազատությունից»։
Փոստանջյանի այս հայտարարությանը «Փաստ»֊ի հետ զրույցում արձագանքել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։ Նրա խոսքով՝ Փոստանջյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
«Դատարանում սահմանված կարգով իրականացվում է հերթապահություն, իսկ համապատասխան որոշումն արդեն պատրաստ է, կողմերը կարող են այցելել և ստանալ այն»,– նշել է Ռաֆայելյանը։




















































