Ռուս ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի Փաշինյանի հայտարարություններին. Կոնստանտին Զատուլին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ եկեղեցին հակաքրիստոսից ազատագրելու մասին հայտարարություններին, НСН-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Զատուլինը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը չպետք է լռի։
«Ռուսաստանը չպետք է լռի՝ դա ներկայացնելով որպես Հայաստանի ներքին հարց։ Ռուսաստանը չի կարող բացարձակապես անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում՝ ո՛չ հանրային, ո՛չ պետական մակարդակով, և հատկապես՝ ոչ կրոնական մակարդակով։ Ես զարմացած եմ, որ դա դեռևս չի դարձել մեր կրոնադավանության, մասնավորապես՝ Ռուս ուղղափառ եկեղեցու որևէ հայտարարության թեմա։ Հայ առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ Ավելորդ չի լինի, որ մեր եկեղեցու հոգևորականները ուշադրություն դարձնեն դրան, չնայած իրենց ամբողջ ցանկությանը՝ մնալ մի կողմում և խնդիրներ չստեղծել Ադրբեջանի մահմեդական հոգևորականության հետ հարաբերություններում», - նշել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։
Պատգամավորը շեշտել է, որ Հայ Առաքելական եկեղեցին հայերի համար հեղինակություն է դառնում Փաշինյանի «անբարոյական» քաղաքականության ֆոնին։
«Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ Եկեղեցուն որպես մի ինստիտուտ, որը կարող էր բարոյական հեղինակություն լինել: Այն ամենը, ինչ Փաշինյանն անում է հանրային ասպարեզում, անբարոյական է: Եվ նա, իհարկե, չի կարող չհասկանալ, որ դա չի արժանանա հավատացյալների և հոգևորականության հավանությանը: Շատերը նրա դեմ են, քանի որ հասկանում են՝ Փաշինյանի ընտրած ուղին հայ ժողովրդին տանում է փակուղի: Նա այսպես է վարվում 2026 թվականի ընտրությունների նախօրեին՝ բավականին միտումնավոր», -նշել է Զատուլինը:
Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող իրավիճակը Զատուլինին հիշեցրեց «վերջերս Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ պետությունը եկեղեցին ենթարկեց իրեն»։
«Ուկրաինայում աշխարհիկ իշխանությունները վերակառուցում են եկեղեցին իրենց հարմարեցնելով՝ ստեղծելով իրենց ենթակա եկեղեցական կազմակերպություն, որը տոգորված է ռուսատյատուցյամբ, և դաժանորեն հետապնդում են տարբեր աստիճանների և մակարդակների հոգևորականներին։ Եվ դա, ըստ իս, էապես չի տարբերվում նրանից, ինչ Փաշինյանն անում է Հայաստանում»,- եզրափակել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































