Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել
ANALYSIS
Ռուսաստանում Հայաստանի դեսպանին երեկ կանչել են Արտաքին գործերի նախարարություն։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Գուրգեն Արսենյանին է փոխանցել Ռուսաստանի շուրջ կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը։ Բողոքի նոտա, որպես այդպիսին, չի եղել։
Հիշեցնենք, օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, նրան խիստ բողոքի նոտա հղել՝ ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի իշխանությունների դեմ հակաքարոզչության վերաբերյալ։ Արևմտամետ քաղաքական շրջանակներն էլ փորձում են պահանջներ ներկայացնել, որ հարկավոր է հանրային մուլտիպլեքսից հեռացնեն ռուսական պետական հեռուստաալիքները։ Եվ Մոսկվան թերևս որոշել է առայժմ միայն դեսպանի կանչով ու մեղմ ձևակերպումներով անել իր զգուշացումները։ Բայց բանն այն է, որ իրականում Արսենյանի հետ բավական կոշտ են խոսել, զգուշացրել, որ կարող է թե՛ անձամբ ինքը և թե՛ իր՝ Երևանում նստած ղեկավարությունը, ծանր խնդիրների բախվել, եթե շարունակեն նույն կերպ։
Ռուսաստանում հրաշալի հասկանում են, որ հակառուսական քարոզչությունը, Ռուսաստանի քաղաքացիների կալանավորումը, նրանց դեմ իրականացվող գործողություններն ամենևին էլ պատահական չեն, դրանք ուղղորդվում են Արևմուտքի կողմից, և Փաշինյանն էլ ամեն ինչ անելու է հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես փչացնելու նպատակով։ Ուստի, զարմանալի է, որ հրապարակային մակարդակում դեռևս բավարար կոշտություն չեն ցուցաբերում, մինչդեռ հենց դա կլիներ իրական արդյունքը։ Իսկ Փաշինյանը և նրա թիմակիցները պատրաստ են գլուխները կախ լսել բոլոր դիտողությունները, միայն թե այդ մասին հրապարակային հայտարարություններ չարվեն։
Ըստ ամենայնի, Ռուսաստանի ռազմավարությունն այս առումով փոքրիկ ձախողված է և իրական արդյունքներ ունենալու համար պետք է փոխեն իրենց մոտեցումները։
Նելլի Մանուչարյան




















































