Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ բարի էր, ընկերասեր, բոլորին օգնության էր հասնում, ովքեր այդ պահին իր կարիքն ունեին, նա նրանց կողքին էր։ Շրջապատում սիրված էր, աշխույժ ու ճարպիկ, ամեն ինչում ներկա է եղել՝ և՛ խաղերում, և՛ բակային կռիվներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Սերժի մայրիկը։

Նշում է՝ որդին սիրում էր սպորտով զբաղվել, ամեն ինչ ուզում էր փորձել։ «Մի երկու ամիս մարմնամարզության հաճախելուց հետո ասում էր՝ կտանե՞ս այլ սպորտաձևի։ Եվ այսպես շարունակ՝ ըմբշամարտ, լող, վազք։ Ի դեպ, արդեն ծառայելու ընթացքում վազքի մրցույթի էր մասնակցել, կանգնել հաղթողների հարթակին, պատվոգիրն ունենք։ Շատ էր սիրում նաև ֆուտբոլը, ամբողջ օրը դրսում ֆուտբոլ կխաղային։ Բայց իր համար առանձնահատուկ տեղ էին գրավում լողը և վազքը»։

Սերժը ծնվել է Երևանում։ Սովորել է թիվ 160 միջնակարգ դպրոցում։ Մայրիկն անկեղծանում է՝ Սերժն այնքան էլ լավ չէր սովորում։ «Բոլորն իրեն սիրում էին, նույն կերպ նա էր բոլորին սիրում։ Անգամ մեկ օր դպրոցից չի բացակայել։ Շատ էր սիրում մաթեմատիկան, այն էլ՝ իր դասղեկի՝ ընկեր Աբրահամյանի շնորհիվ։ Այս դեպքերից հետո դպրոցից իր դասղեկն ու ուսուցչական կազմից անդամներ էին եկել մեր տուն, տեղեկացրեցին, որ ցանկանում են Սերժի անվան դասարան բացել դպրոցում։ Հիմա դպրոցում Սերժի անվան դասարանը և նրա անկյունը կա»։

Դպրոցից հետո Սերժը կրթությունը շարունակել է Երևանի 8-րդ արհեստագործական ուսումնարանում՝ «Փականագործ ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորմամբ, որպես մասնագիտություն՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում։ «Սովորեց, 12-րդ դասարանի վկայականն էլ ստացավ։ Այդ ընթացքում ընկերոջ հետ նաև փոքրիկ՝ հյութերի բիզնես ունեին։ Բիզնեսի մեջ իրեն գտել էր։ Բանակից վերադառնալուց հետո շատ մտքեր ուներ իրագործելու։ Միշտ ասում էր՝ այնքան գումար պետք է ունենամ, որ օգնեմ մանկատներին ու ծերանոցներին։ Հույս ունեմ, որ ես կկարողանամ ինչ-որ չափով կյանքի կոչել իր երազանքները»։

2019 թվականի հունվարի 8-ին Սերժը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանականում՝ 2-րդ գումարտակում։ Սերժը եղել է սերժանտ, ջոկի հրամանատար, դիրքի ավագ։ Սերժը կատարյալ տիրապետում էր իր զենքին։ Նա սիրով ու պատասխանատվությամբ է մեկնել ծառայության։ Մայրիկը նշում է՝ երբ լսում էր, որ որևէ մեկը բանակ չի գնացել, միշտ ասում էր՝ զարմանում եմ, թե ինչի են փախչում բանակից։ «Ու ավելացնում էր՝ գնացեք, ծառայեք։ Ընկերներով մեր տանն էին հավաքվել, դեռ իր բանակի քեֆը չէինք արել, տղաներից մեկը, որ շատ լավ ձայն ունի, երգեց՝ թուրքի պոստից пк-ն խփեց, մեր ախպորը վիրավորեց։ Այդ պահին սկսեցի լաց լինել, անմիջապես ասաց՝ մի երգի, մերս լացում է։ Մոտեցավ, ինձ համբուրեց. «Մա՛մ ջան, չլացես, թուրքի գյուլլեն քո տղուն չի կպնի, ինձ բան չի լինի, ես հետ եմ գալու, քեզ խոսք եմ տալիս»։ Ոգևորվել էր, երբ ծանուցագիրը եկավ. «Մա՛մ ջան, գնամ, երկու տարվա պարտքս տամ ու գամ»։ Ու ինքն էլ էր ասում՝ Ղարաբաղ ընկնեմ, ավելի լավ կլինի։ Ու երբ վիճակահանության արդյունքում պարզվեց, որ Արցախում է ծառայելու, այնքան էր ուրախացել. «Իսկական տղեն պիտի այստեղ ծառայի, քաղաքում ծառայելը խաղ ու պար է, պիտի գնաս, սահման պահես»։ Երբ արդեն սերժանտի կոչում էր ստացել, շատ էր ուրախացել, անգամ ասում էր՝ կարո՞ղ է պայմանագիր կնքեմ ու շարունակեմ զինվորական ծառայությունը։ Բայց ես իրեն ասում էի՝ այդքան չեմ դիմանա, վերջացրու ծառայությունդ ու տուն արի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 25-ին Սերժը դիրքերից իջել էր զորամաս, սակայն սեպտեմբերի 27-ին տագնապով նորից բարձրանում է դիրքեր։ «Հենց իրենք բարձրանում են, իրենց զորամասը պայթեցնում են։ Ասում էի՝ Աստված իմ, ո՞ւմ էի մի կտոր հաց տվել, որ երեխես այնտեղ չի եղել։ Զանգում էի իրեն, ասում էր՝ դա մեզ մոտ չի, կա Հադրութ-1, Հադրութ-2։ Ընդամենն ինձ էր հանգստացնում։ Իսկ եղբորն էլ ասել էր՝ այնպես արեք, որ մաման հեռուստացույց չնայի։ Սեպտեմբերի 29-ին իր ծննդյան օրն էր՝ 20-ամյակը։ Զանգել էի իրեն՝ քեզ փող փոխանցեմ, տղերքով նշեք, եթե ձեզ մոտ պատերազմ չկա։ Ասեմ նաև, որ մեր զրույցների ժամանակ երբեք մեկ կրակոցի ձայն չեմ լսել։ «Չէ, մա՛մ, փող պետք չի ուղարկել ծնունդ նշելու համար, ուղղակի 5000 դրամ ուղարկի, ծխախոտ կգնեմ»։ Ես էլ իրեն ասացի՝ լավ, մենք կնշենք քո ծնունդը։ Այդպես խոսեց բոլորի հետ, շնորհավորեցինք ծնունդը։ Սեպտեմբերի 30-ին էլի զրուցել ենք։ Այդ օրը բոլորիս հետ զրուցեց՝ եղբոր, հայրիկի, քեռու, ինձ հետ։ Ինձ ասաց. «Մա՛մ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, քեզ շատ եմ սիրում, քեզ լավ նայի»։ Ասացի՝ Սերժո՛, եթե քո ոտքը փուշ մտնի, ես չեմ ապրի, ուշադիր եղիր։ Իրեն այդ օրն ասել եմ, որ իր մի զանգը, իր ձայնն ինձ կյանք է տալիս, անընդհատ կրկնում էի՝ Սե՛րժ, բալե՜ս, ձենիդ մեռնեմ, տղե՜ս... Ինքն էլ արձագանքում էր՝ մա՛մ ջան, զանգել եմ, որ դու կյանք ունենաս։ Դա եղավ մեր վերջին զրույցը։ Հետո եղբոր հետ է խոսում. «Տյո՛մ, վիճակը շատ վատ է, չգիտեմ՝ կգամ, թե չէ, տնեցիքի կողքին եղի, մորս լավ կպահես, ինքը թագուհի է»։ Արտյոմն էլ ասել է՝ կգաս, մամային կպահես, ես մենակ չեմ կարող»։ Եղբայրը հասկացել էր, թե ինչ նկատի ունի Սերժը, և փորձել էր նրան կարծես նոր ուժ փոխանցել։ Ու երկու եղբայր որոշել էին՝ միասին են մայրիկին լավ պահելու։

Հոկտեմբերի 1-ին ժամը չորսին «Նռան բաղերում» ԱԹՍ-ի բեկորներից յոթ տղաները զոհվում են մեկ խրամատում։ Նրանցից մեկը Սերժն էր։ Հոկտեմբերի 3-ին նա արդեն «տանն» էր։ Մայրիկն ասում է՝ տեսել է որդուն, հրաժեշտ տվել նրան։ «Բավականին երկար ժամանակ իրեն չէի տեսել, այդ ընթացքում կարծես մեծացած լիներ, երեխուս մազերը սպիտակել էին։ Եթե սեպտեմբերի 25-ին նա ինձ նկար չուղարկեր, ես իրեն չէի ճանաչի։ Այդքան մեծանալ...»։

Տուն են հասնում նաև Սերժի անձնական իրերը։ «Իր դրամապանակի մեջ ես գտա իմ ուղարկած հինգ հազար դրամն ամբողջությամբ արյունոտ»։

Ապրելու ուժի մասին։ «Մենք չենք ապրում, կյանքն անիմաստ է։ Նայում ես մարդկանց ու չես տեսնում, լսում ես ու... չես լսում։ Չես հասկանում, թե ինչ է կատարվում քո շուրջբոլորը։ Բայց իմ, նաև հարազատ մարդկանց երազներին եկավ Սերժը, ու ես հասկացա՝ պիտի ապրեմ։ Եթե ես չապրեմ, չեմ կարողանա իրեն ապրեցնել։ Այս ընթացքում նաև շատ եկեղեցիներ եմ այցելել և կարող եմ ասել, որ նաև Աստծո հետ կապն ինձ ուժ տվեց»։ Այդ երազներն են հուշել ընտանիքին, որ Սերժը հիմա ապահով տեղում է։ Անգամ երազներից մեկում Սերժն ասել է՝ մամայիս կասես իր բաբախող սիրտն իմ սիրտն է, թող հանգիստ լինի։ «Իհարկե, նաև Արտյոմս ինձ ուժ փոխանցեց։ Ասաց՝ մամ, եթե իմ հետ լինես, երբեք չեմ կոտրվի, ինչ էլ լինի, դու ես ինձ ուժ տվողը։ Ամեն անգամ, ինչ առիթ ուզում է լինի, տղաս իր ու Սերժի կողմից է նվերներ պատրաստում, դա արդեն պարտադիր ավանդույթ է իր համար։ Սերժս միշտ հպարտանում էր իր եղբորով։ Նա 13 տարի մարմնամարզության է հաճախել, մշտապես բարձր հորիզոնականներ գրավել, ու Սերժը միշտ իրեն լավ էր զգում այդ հանգամանքից։ Հիմա Արտյոմը հաճախ է ասում, որ այժմ էլ նա է հպարտանում, որ Սերժն իր եղբայրն է»։

Հ. Գ.- Սերժանտ Սերժ Հակոբքեխվյանը(Քեխո) հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank