Հաղթանակ թաղամասում տան հրդեհը տարածվել է դեպի հարակից տան տանիք. ընտանիքն օգնության կարիք ունի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի տներից մեկում նախօրեին գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է նաև հարակից տան տանիքը։ Տանը վարձակալությամբ բնակվող բազմազավակ ընտանիքի մայրը՝ 33–ամյա Արմինե Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ հրդեհը տարածվել է դեպի իրենց տան տանիք, հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ վնասվել է տան ամբողջ գույքը։
«Տանիքն ու մուտքի դուռն այրվել են։ Հրդեհը մարելու աշխատանքների ժամանակ ջուրը վնասել է ամբողջ տան գույքը, անվնաս ոչինչ չի մնացել։ Այսօր միայն կարողացել ենք մտնել տուն, երեխաների հագուստներից մի քանիսը վերցրել։ Այդ տանն ապրել հնարավոր չէ, տանիքը ցանկացած պահի կարող է փլուզվել»,–պատմեց Արմինե Հարությունյանը՝ նշելով, որ երեք անչափահաս երեխաներ ունեն. երեխաներից մեծը 4 տարեկան է, միջնեկը՝ 2.5, փոքրը՝ 5 ամսական։
Նրա խոսքով, ընտանիքի միակ աշխատողն ամուսինն է. տաքսի է վարում։ Այս պահին ընտանիքն ապրում է հարազատներից մեկի տանը, սակայն այնտեղ երկար բնակվել չի կարող։
«Փոքրիկ տուն է, այստեղ բոլորով ապրել չենք կարող։ Վարձով նոր բնակարան ենք փնտրում Երևանում կամ հարակից մարզերում։ Վարձի համար շատ վճարել էլ չենք կարող՝ առավելագույնը 80 հազար դրամ։ Եթե չկարողանանք բնակարան գտնել, դրսում կհայտնվենք երեխաների հետ»,–ասաց Արմինեն։
Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են որևէ կերպ աջակցել ընտանիքին, կարող են կապ հաստատել Արմինե Հարությունյանի հետ՝ +374-77-08-45-20 հեռախոսահամարով։
Հետևեք մեզ՝ այստեղ



