Կոստյումի թևքերի կոճակները զուտ դեկորացիա՞ են, թե՞ ունեն կոնկրետ գործառույթ. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տղամարդկանց դասական հագուստը հիմա էլ պահպանում է բազմաթիվ մանրամասներ, որոնց բուն իմաստը ժամանակի ընթացքում կա՛մ ամբողջովին մոռացվել է, կամ կորցրել է այն բովանդակությունը, որ ունեցել է ի սկզբանե։ Այդպիսի խորհրդավոր աքսեսուարների շարքում են կոստյումի (պիջակի) թևքերի վրայի կոճակները, որոնք այսօր ավելի շատ դեկորատիվ, քան գործնական դեր ունեն։ Իսկ ինչո՞ւ կոստյումների թևքերի վրա կոճակներ կան։ Բանն այն է, որ դրանք գործնական գործառույթ չունեն, չեն կոճկվում և կարվում են բացառապես որպես դեկորատիվ տարր։ Բայց, չնայած դրան, կոճակներ կարելի է տեսնել յուրաքանչյուր կոստյումի վրա՝ անկախ ապրանքանիշից, ոճից կամ արժեքից։
Ինչպե՞ս է առաջացել այդ նորաձևությունը, և արդյո՞ք թևքերի կոճակները երբևէ ունեցել են օգտակար գործառույթ։ Դրանց ծագման բազմաթիվ տարբերակներ կան՝ լեգենդայինից և կասկածելիից մինչև բավականին տրամաբանական և պատմականորեն արդարացված։
Ամենահայտնին Նապոլեոնի մասին լեգենդն է, բայց այն նաև ամենակասկածելիներից մեկն է։ Ըստ այդ լեգենդի, թևքերի վրա կոճակների հայտնվելու նախաձեռնողը հենց Նապոլեոն Բոնապարտն է եղել։ Նա իբր հրամայել է մետաղական կոճակներ կարել համազգեստի թևքերին, որպեսզի զինվորները չսրբեն իրենց դեմքերը կամ քիթը թևքերով՝ փչացնելով համազգեստի տեսքը։ Ենթադրվում էր, որ դա անհարմարություն կստեղծեր՝ ստիպելով զինվորներին օգտագործել թաշկինակներ։ Սակայն այս պատմությունը իրականություն չէ։ Պատմաբանները նշում են, որ նմանատիպ դեկորատիվ տարրեր հայտնվել են դեռ 17-րդ դարում՝ Նապոլեոնից շատ առաջ։ Զինվորական համազգեստի վրա մետաղական կոճակների լայնորեն օգտագործումը սկսվել է 1784 թվականից: Այսպիսով, այս տարբերակն ավելի շատ գրավիչ հորինվածք է, քան պատմական ճշմարտություն:
Կա մեկ այլ հանրաճանաչ տարբերակ, ըստ որի, թևքերի կոճակները մի ժամանակ ծառայում էին որպես «պահեստային փամփուշտներ». արտակարգ իրավիճակում զինվորը կարող էր հանել կոճակը և օգտագործել այն՝ զենքը լիցքավորելու համար։ Սակայն այդ տեսությունը նույնպես պատմական ապացույցներ չունի։ Պաշտոնական աղբյուրներում կոճակների՝ նման օգտագործման վերաբերյալ հուսալի հղումներ կամ հաստատումներ չկան։ Հետևաբար, այս տարբերակը ևս պարզապես առասպել է։
Թևքերի կոճակների ծագման ամենահամոզիչ և լավ փաստաթղթավորված տարբերակը կապված է բժիշկների, մասնավորապես վիրաբույժների հետ։ 17-րդ դարում Լոնդոնի Սևիլ Ռոուի բժիշկները հաճախ պատվիրում էին թևքերի վրա կոճակներով կոստյումներ, որպեսզի շտապ բժշկական օգնության ժամանակ կարողանային արագ բացել թևքը և քշտել այն առանց ամբողջ արտաքին հագուստը հանելու անհրաժեշտության։ Նման լուծումը հարմար և գործնական էր, և դա ժամանակի ընթացքում դարձավ տարածված միտում։ Հետո կոճակներ սկսեցին հայտնվել զինվորական համազգեստների և տղամարդկանց քաղաքացիական հագուստի վրա։ Ընդ որում, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ նման տարր՝ կոճակների թանկության պատճառով:
20-րդ դարում, հագուստեղենի ու կոճակների զանգվածային արտադրության զարգացման հետ մեկտեղ, գործարանների մեծ մասը սկսեց կարել զուտ դեկորատիվ կոճակներ՝ ընդօրինակելով ավանդական ոճը, բայց առանց գործնական գործառույթի։ Դա հնարավորություն տվեց պահպանել կոստյումի դասական տեսքը։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































