Աշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա Կապանում
SOCIETY
Աշխարհահռչակ դաշնակահարուհի, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում 3 Գրեմմի արժանացած Մարթա Արգերիխը Կապան միջազգային երաժշտական փառատոնի՝ Kapan Fest-ի շրջանակում կայցելի Հայաստան: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ փառատոնի կազմակերպիչներից:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից էլ հաստատեցին, որ Մարթա Արգերիխը Kapan Fest-ի շրջանակում Կապանում համերգով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
Արդեն երրորդ անգամ անցկացվող Kapan Fest-ն այս տարի կկայանա հուլիսի 4-15-ը, այն տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն է ընձեռում աշխատել հայտնի երաժիշտների հետ, ձեռք բերել արժեքավոր փորձառություն։
Այս տարի միջազգային փառատոնին մասնակցում են շնորհալի երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Պորտուգալիայից, Սլովակիայից, Ռուսաստանից, Դանիայից: Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, Կապանի քաղաքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ այլ գործընկերների աջակցությամբ:
Փառատոնը միշտ հագեցած ծրագրեր է ունենում՝ դասական երաժշտությունից ու ջազից մինչեւ հազվագյուտ ցուցադրություններ եւ համբավավոր երաժիշտների վարպետաց դասեր։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































