«Սա իրական պատմություն է, որի հերոսներից ոմանք կենդանի են ու եկել էին ներկայացումը դիտելու». պրեմիերա՝ «ՀանդԱրտ» այգում
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բյուրականի «ՀանդԱրտ» այգում օրերս կայացավ «Նռնենի» ներկայացման պրեմիերան: Բեմադրության հեղինակն ու բեմադրիչը Տիգրան Գյուլումյանն է, դերասանական կազմում են Ջուլիետա Ստեփանյանը, Լուիզա Ղամբարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Արծրուն Հարությունյանը:
«Նռնենի»-ն դրամատիկական կատակերգություն է՝ իրական դեպքերի հիման վրա։
Ներկայացումը սիրո, խղճի և մարդկային հարաբերությունների մասին է։ Երբեմն մի փոքր քայլը կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրերը։ Երբ սերը դառնում է պարտք, իսկ խիղճը՝ որոշում, մարդը կանգնում է բարդ ընտրությյան առաջ։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը նշեց, որ «ՀանդԱրտ»-ի մասին շատ էր լսել, բայց չէր տեսել:
«Երբ Տիգրան Գյուլումյանն ինձ հրավիրեց, տեսա, որ ընկել եմ հեքիաթի աշխարհ:
Ես չէի պատկերացնում, բայց Տիգրանն իսկապես մեծ ու շատ ծանր աշխատանք է տանում, և՛ բիզնես մտածելակերպով, և՛ արվեստի գծով, և՛ ռեժիսոր է, և՛ գրող է, և՛ դերասան է:
Շատ-շատ զարմանալի է, իսկապես շատ եմ հավանել ու շատ կուզենայի, որ միշտ աշխատեի այդ թատրոնում»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Ջուլիետա Ստեփանյանը նշեց, որ պրեմիերան հոյակապ է անցել: Հաջորդ ներկայացումը խաղալու են ամսի 23-24-ին, տոմսերն ամբողջությամբ սպառվել են:
«Իրական պատմություն է ու հետաքրքիր է, որ այդ իրական պատմության հերոսներից կենդանի մարդիկ կան ու եկել էին ներկայացումը դիտելու։ Հոյակապ անցավ՝ ծափահարություններով, չէին ուզում, որ վերջանա:
Փորձերի ընթացքն էլ է շատ հետաքրքիր անցել, առանց ներվերի:
Առաջին անգամ էի աշխատում բացօթյա ձևաչափով ու շատ անհանգիստ էի, վախեցած, որ այս բաց դաշտում, մարդիկ մեզ այսքան մոտ, մեր աչքի առաջ, մտածում էի՝ ոնց պիտի խաղանք, կընդունվի՞, թե՝ ոչ:
Լուիզան ու Ագնեսան էլ էին շատ անհանգիստ, բայց անցավ շատ ուժեղ, շատ բուռն ծափահարություններով»,- պատմեց Ջուլիետա Ստեփանյանը:
Պատմությունը մի ուժեղ կնոջ մասին է, ում մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք: Կինն իր մեջ ուժ է գտնում, գալիս է գյուղի ուսուցչուհու մոտ, ով 40-անց կին է և ամուսնացած չի եղել, խնդրում է, որ իրանից հետո ամուսնանա իր ամուսնու հետ:
«Ասում է՝ ես հասկանում եմ, որ շատ դժվար բան եմ ասում, բայց երեխաներս քեզ շատ-շատ են սիրում ու միայն դու կարող ես ընտանիքիս տեր կանգնել:
Վերջում պարզվում է, որ բժիշկները սխալվել են և հիվանդությունը չարորակ չէ, իսկ ամուսինը լսելով ուրախ լուրը՝ ինֆարկտից մահանում է:
Շատ հուզիչ էր, որ իրական հերոսներից ներկա էին ու դիտում էին ներկայացումը, անսպասելի լավ ընդունվեց»,- էմոցիաներով կիսվեց Ջուլիետա Ստեփանյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































