«Արցախ» ջազ նվագախումբը ելույթ է ունեցել Մոսկվայի ջազ փառատոնում
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի ամառային իրադարձությունների ծրագիրը հիացրել է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին իր հագեցած բովանդակությամբ․ մեկ շաբաթ շարունակ Ռուսաստանի և արտասահմանյան առաջատար ջազ նվագախմբերը ելույթ են ունեցել քաղաքի լավագույն բացօթյա հարթակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Իգոր Բութմանի հիմնադրամը՝ Ռուսաստանի Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։
2025 թվականին «Moscow Jazz Festival-ը միավորել է ավելի քան 1000 ճանաչված երաժիշտների տարբեր երկրներից, որոնք ներկայացրել են իրենց լավագույն ծրագրերը։ Մասնակիցների թվում էր նաև «Արցախ» ջազ նվագախումբը՝ Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, որը Մոսկվա էր ժամանել «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ և հասարակական գործիչ Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ։ Նվագախումբը ելույթ ունեցավ «Զարյադյե» զբոսայգու ամֆիթատրոնում։
«Արցախ» ջազ նվագախումբը երաժշտասերներին տվեց իսկական երաժշտական ճանապարհորդություն՝ սվինգի դասականից մինչև լատինոամերիկյան ռիթմեր, հայկական մեղեդիներից մինչև համաշխարհային ջազի գլուխգործոցներ։
Նվագախմբի կատարմամբ հնչեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հեղինակային ստեղծագործություններ, ինչպես նաև հայտնի ջազ ստանդարտներ՝ բիգ-բենդի համար գրված յուրօրինակ մշակումներով։ Հնչեցին Բենի Քարթերի «Jackson County Jubilee»-ն, Ալեքսանդր Աճեմյանի «Ari Ari» հայկական քնարական երգը՝ Ալյոնա Բալույանի կատարմամբ, «More»՝ Գոռ Հայրապետյանի կատարմամբ, Քոուլ Փորթերի հանրահայտ «Night and Day» երգի գործիքային տարբերակը, «Love»՝ Ալյոնա Բալույանի և Մարատ Բալայանի կատարմամբ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Սակայն հանդիսատեսի ամենաշատ բուռն արձագանքը առաջացրին Սևակ Ջանյանի կատարմամբ «Սա Երևանն է» և «Արցախ» երգերը։ Բեմի մոտ հավաքվել էին տարբեր ազգությունների ջազի սիրահարներ և հայ սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր եկել էին աջակցելու հայրենակիցներին։
Համերգի ավարտին վարողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությանը, որի աջակցությամբ «Արցախ» ջազ նվագախմբի մասնակցությունն այս միջազգային փառատոնին դարձավ հնարավոր։
«Յուրի Նավոյանն ու «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը ոչ միայն օգնել են «Արցախ» ջազ նվագախմբին վերածնվել նոր կազմով, այլև հոգեպես աջակցել են Արցախից հարկադիր վերաբնակեցումից հետո։ Եվ ահա, մենք հպարտությամբ ենք ներկայացնում մեր արվեստը միջազգային փառատոնում։ Մենք Յուրի Նավոյանին մեր միջև անվանում ենք «կնքահայր», և դա պարզապես խոսք չէ, այլ փաստ է»,- լրագրողի հետ զրույցում նշեց Տիգրան Լալայանը։
««Արցախ» ջազ նվագախմբի հիմնական առաքելությունը մշակութային ժառանգության պահպանումն ու ազգային ջազի զարգացումն է։ Գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը իր շուրջ է համախմբում արվեստի գործիչներին և մեծ ջանքեր է գործադրում Արցախի երաժշտական ավանդույթների պահպանման ու հանրահռչակման համար», -նշված է փառատոնի պաշտոնական կայքում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































