«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիային
CULTURE
Մայիսի 31-ից հունիսի 7-ը Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում տեղի է ունեցել Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիան: Դասընթացները կազմակերպվել էին վեց մասնագիտացումներով՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, ֆլեյտա, շեփոր և դասական կիթառ: Ակադեմիային մասնակցում էին երեխաներ ԱՊՀ 9 երկրից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան: Ակադեմիան դասընթացներ է անցկացնում ոչ միայն երեխաների, այլև նրանց մենթորների համար՝ հատուկ շեշտը դնելով ուսուցիչների հմտությունների կատարելագործման վրա: Սա հրաշալի հնարավորություն է նրանց համար փորձ և գիտելիքներ ձեռքբերելու տեսանկյունից։
Ակադեմիային, որպես Հայաստանի ներկայացուցիչներ, այս տարի մասնակցել են «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ շեփորահար Արտյոմ Ավետիսյանը և դաշնակահարուհի Մարի Դանիելյանը։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները պարբերաբար մասնակցել են Յ․ Բաշմետի անվան երաժշտական ակադեմիաներին։ Նման միջոցառումները, մրցույթներն ու վարպետաց դասերը թույլ են տալիս երաժշտության աշխարհում իրենց քայլերը կատարող պատանի երաժիշտներին ձեռք բերել փորձ, հաստատել ծանոթություններ իրենց հասակակիցների շրջանում և վերադառնալ հայրենիք նոր հմտություններով։























































