Փաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ
ANALYSIS
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասելի էր նրա վերջին շաբաթների ակտիվությունից, ոչ միայն մտադիր չէ դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավանքը, այլև անցնում է ակտիվ փուլի՝ թիրախավորելով Ամենայն Հայոց Հայրապետին։ «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին», երեկ ազդարարել էր նա, իսկ այսօր արդեն մանրամասնել, թե ինչ է ուզում։
Ըստ Փաշինյանի Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ «Սա փաստ է և, եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»,- գրել է նա։
Աղանդավորի համառությամբ Փաշինյանը փորձում է խարխլել եկեղեցու՝ ինքնության ամենակարևոր սյուներից մեկի հիմքերը, իսկ նրա ջղաձգումները վկայում են, որ ոչնչի առջև կանգ չի առնելու։ Փաշինյանին նաև հունից հանում է ՀԱԵ հանգստություն, ժողովրդի ու քաղաքական հիմնական ուժերի կողմից՝ Եկեղեցուն և Կաթողիկոսին աջակցելու փաստը։ Եվ այժմ նա անցել է իր վերջին գրոհին։ Կպատասխանի՞ ողջ հայ ժողովուրդը Փաշինյանի այս սրբապղծությանը, պարզ կլինի առաջիկայում։
Մերի Աբրահամյան




















































