Ինչպե՞ս է կառուցվում առաջնագծի ճարտարապետությունը, որ հնարավոր է լինում այսպիսի հեշտությամբ անցնել միջդիրքային տարածությունը․ Տիգրան Աբրահամյան
BLOG
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածից մեր 2 քաղաքացիների վերադարձից հետո ավելի անկաշկանդ դիտարկման է ենթակա «օդում կախված» այն հարցադրումը, թե ինչպե՞ս է հնարավոր եղել աննկատ հատել շփման գիծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պաշտոնապես արձանագրված է, որ մեր երկու քաղաքացիները մոլորության հետևանքով են հատել առաջնագիծը, սակայն հիմա խնդիրը կարևոր է բացառապես այն տեսանկյունից, թե ինչպես հնարավոր, առհասարակ, աննկատ հատել միջդիրքային տարածությունը:
Խոսքը նույնիսկ պատրաստված դիվերսիոն խմբի կամ հատուկ նշանակության խմբերի մասին չէ, սովորական քաղաքացիների, ովքեր պատահական են հայտնվել ադրբեջանցիների ձեռքում:
Ինչպե՞ս է կառուցվում առաջնագծի ճարտարապետությունը, որ հնարավոր է լինում այսպիսի հեշտության անցնել միջդիրքային տարածությունը:
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե տարբեր հանգամանքների բերումով հակառակ կողմից անցում աներ ադրբեջանական խումբ:
Այն հատկապես վտանգավոր կլիներ առաջին հերթին այն տեսանկյունից, որ հարակից հատվածներում բնակավայրեր են` Արավուս, Տեղ գյուղերը, մի քիչ ձախ` Խնածախը:
Սա զուտ բրիգադի կամ բանակային կորպուսի խնդիր չէ, ավելին` նշածս խնդիրներն այդ օղակում չեն կարգավորվում (որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի), դա երկրի ռազմաքաղաքական ղեկավարության պատկերացումներն ու առաջնահերթությունները, որոնք արտացոլվում են սահմանագծին` տեխնիկական միջոցների տեղակայումից մինչև կահավորում, և կարող էին արձանագրվել բոլոր այն բնագծերում, որոնք 2020 թվականի հետպատերազմական իրողություններով են ձևավորվել»,-գրել է նա։




















































