Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»
SOCIETY
«Փաստ» օրաթերթը գրում է.
ng.ru–ն «Հայ եկեղեցին մեղադրել է Փաշինյանին Ադրբեջանի հետ կապեր ունենալու մեջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ, որին մասնակցել են Հայաստանի և սփյուռքի եպիսկոպոսներ և թեմերի առաջնորդներ: Հայ առաքելական եկեղեցին բացատրել է, որ հավաքվածները քննարկել են, մասնավորաբար, հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին ու Եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող հարցեր: Հոգևորականները հատուկ ուշադրություն են դարձրել մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված հակաեկեղեցական արշավին: «Նման նախաձեռնությունները ծառայում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումներին», - ասվում է նրանց հայտարարության մեջ։
Այս ֆոնին հայկական լրատվամիջոցներից մեկը հարցումներ է ուղարկել գլխավոր դատախազություն և քննչական կոմիտե՝ պարզելու՝ Փաշինյանը սահմանափակվե՞լ է հայտարարություններով, թե՞ արդեն պաշտոնական հետաքննություն է սկսել ՀԱԵ ներկայացուցիչների դեմ։ Իրավապահ մարմինները պատասխանել են, որ այս պահին երեխաների նկատմամբ բռնության կամ կուսակրոնության ուխտը խախտելու համար հոգևորականների դեմ քրեական գործեր չեն հարուցվել՝ հիշեցնելով, որ վերջին նշվածը ընդհանրապես հանցագործություն չէ:
ԱՊՀ ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովն էլ ng. ru-ի հետ զրույցում ասել է, որ Եկեղեցու և Փաշինյանի կառավարության միջև հակամարտությունը նոր չէ, բայց վարչապետը մեծ ծրագրեր ունի դրա հետ կապված։ «2018 թվականին հայտնվեց «Նոր կառավարություն՝ նոր Եկեղեցի» կարգախոսը, սակայն այդ ժամանակ քահանաներին վերահսկողության տակ դնել հնարավոր չեղավ։ Այսօր Հայ առաքելական եկեղեցին ունի Հայաստանում ամենաբարձր վստահության վարկանիշներից մեկը և որոշ չափով աջակցում է ընդդիմությանը Փաշինյանի դեմ պայքարում։ Այդ առումով էլ նա մտահոգված է։ Համապատասխանաբար, Փաշինյանը ընտրել է կուսակրոնության թեման՝ Կաթողիկոսի վրա հարձակվելու համար, բայց կարող է նաև նրան մեղադրել կոռուպցիայի մեջ... Այս դեպքում նրա համար կարևոր է հարձակվելը, դե, իսկ պատճառ կգտնվի», - նշել է Մարկարովը։ Մասնագետը նաև չի բացառել, որ նախընտրական քարոզարշավից բացի, Փաշինյանը հարձակվում է Եկեղեցու վրա՝ որպես ազգը վերաձևավորելու իր ռազմավարության մաս։ Մասնավորապես, վարչապետն արդեն հրաժեշտ է տվել Լեռնային Ղարաբաղին և վերանայել է Հայաստանի պատմությունը։ Հայ առաքելական եկեղեցուն հարվածելը կարող է ոչնչացնել նրա «նոր հայություն» ձևավորելու երրորդ և վերջին խոչընդոտը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































