Ապագա մասնագետները՝ ուղիղ համալսարանից․ ԶՊՄԿ-ն ու ԵՊՀ-ն հուշագիր ստորագրեցին (տեսանյութ)
SOCIETYԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Երևանի պետական համալսարանում է՝ որակյալ կադրեր եւ ապագա աշխատակիցներ փնտրելու։
Այսօր ԶՊՄԿ-ն և ԵՊՀ-ն հուշագիր ստորագրեցին՝ խորացնելով համագործակությունը։
Հուշագիրը ենթադրում է համատեղ հետազոտական ծրագրեր, ուսանողների պրակտիկաների անցկացում, Պղնձամոլիբդենային կոմբինատի՝ առավել մեծ ներգրավում կրթական պրոցեսում։
«Մեր նպատակն է ուժեղացնել կրթությունը, կրթության միջոցով՝ տնտեսությունը։ Նպատակը կրթություն եւ արտադրություն կապի խորացումն է, որից շահելու են երկու հաստատություններն էլ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նախորդ տարի ԵՊՀ ուսանողներն արդեն պրակտիկա անցել են ԶՊՄԿ-ում։ Ռեկտորն ասաց, որ հետաքրքիր արդյունքներ են եղել, դա ոգեւորություն է առաջացրել ուսանողների մոտ, արդյունքը եղել է այն, որ երկրաբանություն մասնագիտության գծով եղել է դիմորդների աճ։ «Նախորդ տարի աննախադեպ քանակի դիմորդներ ենք ունեցել մագիստրոսական ծրագրով, ինչն ուղղակիորեն խոսում է այս համագործակցության արդյունավետության մասին։ Ես կարծում եմ, որ այս հուշագրի ստորագրումից հետո մենք դարձյալ ունենալու ենք թե դիմորդների, թե հետաքրքրվողների աճ»,- նշեց Հովհաննիսյանը։
ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրեն, հիմնադրամի ղեկավար Արմեն Ստեփանյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը որակյալ մասնագետների կարիք ունի.
«Վստահ ենք, որ արդյունքները շուտով կերեւան։ Արդեն մեկ տարվա ընթացքում դիմորդների եւ ուսանողների էական աճ է գրանցվել, դա մեր այս համագործակցության արդյունքն է։ Հետագայում, հուսով ենք, պտուղներն ավելի տեսանելի կլինեն»,- նշեց Ստեփանյանը։




















































