Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


«Հայաստանում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվի անկում ունենք». հարկային քաղաքականությունը հարվածում է փոքր ու միջին ձեռնարկություններին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ այս տարվա հունվարին էր փորձագիտական հանրույթն ահազանգում՝ հարկային նոր փոփոխությունների հետևանքով մեծ հարված է հասցվելու բիզնես միջավայրին, վտանգի տակ են հայտնվելու հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասում է՝ դեռ տարեսկզբին բանաձևային տեսքով ներկայացվում էին բոլոր այն մտավախությունները, որոնք այն ժամանակ ենթադրվում էր, որ կառաջացնեն այս փոփոխությունները։ «Եթե բանաձևային տարբերակով առանձնացնենք, երկու հիմնական բլոկ կա՝ սոցիալական բավական լուրջ բլոկն՝ ի դեմս գնաճի, և ավելի խորքային և տնտեսական պրոցեսները, թե տնտեսության մեջ ինչ շարժեր տեղի կունենան՝ ի դեմս փոքր և միջին բիզնեսի համար պայմանների վատթարացման, ինչ հետևանքներ դա կառաջացնի և այլն։ Այսօր նաև վիճակագրությամբ ունենք ամրագրված դրա հետևանքները, որոնք չափելի են, տեսանելի, բայց, ցավոք, կա մտավախություն, որ շարունակական են։ Ինչո՞վ է պայմանավորված այս մտավախությունը։ Կառավարությունը և ներկայիս իշխանությունը տալիս են անթաքույց մեսիջ, որ իրենց վերջնանպատակն առհասարակ շրջանառության հարկի դուրսբերումն է և հարկման ընդհանուր համակարգի ստեղծումը։ Այն ունի օբյեկտիվ բավական լուրջ հիմք, ի դեմս նրա, որ շատ անգամ այդ հարկման համակարգը դիտարկվում է որպես արտոնություն, շատերը փորձում են օգտվել դրանից, չխոշորանալ և այլն։ Այսինքն, իրականում կա այդ օբյեկտիվ հիմքը, բայց կան հարակից բազմաթիվ հարցեր, որովհետև այդ օբյեկտիվ խնդրի ներքո, ըստ էության, նաև հարվածի տակ են ընկնում նրանք, որոնք արդեն իրենց հերթին օբյեկտիվորեն են աշխատում հարկման այդ տիրույթում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Նրա կարծիքով, արդեն նկատելի բացասական երևույթները կլինեն շարունակական՝ հետզհետե այդ գործընթացն ավարտին հասցնելու տրամաբանության ներքո։ «Հիմա՝ վիճակագրության մասով։ Հայաստանում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվի անկում ունենք։ 2024 թ. դեկտեմբերի դրությամբ պաշտոնապես 70560 կազմակերպություն կար։ 2025 թ. մարտի դրությամբ արդեն կազմակերպությունների թիվը 66955 է, այսինքն՝ 3 ամսվա ընթացքում ընդհանուր թվից 3605 կազմակերպություն չկա, ընդհանուր թվի անկում է գրանցվել, բայց շատ ավելի հետաքրքիր է, որ հատկապես գերփոքր կազմակերպությունների թիվն է անկում գրանցել։ Գերփոքր կազմակերպությունները փոքր ռեսուրսներով, հնարավորություններով կազմակերպություններ են։ Բնականաբար, առաջին հարվածը կրողն են։

Շատ մեծ է հավանականությունը, որ սա հենց այդ բացասական կանխատեսման իրականացումն է, որ պարզապես չեն դիմացել հարկային տեռորին։ Այստեղ կա հանգամանք, որը ևս կյանքի իրավունք ունի։ Իհարկե, միշտ էլ տարվա սկիզբը տնտեսապես ավելի պասիվ ժամանակաշրջան է, բնականաբար, կազմակերպություններ են փակվում, որոշակի պասիվություն կա, դա դրսևորվում է տարբեր վիճակագրություններում և այլն։ Այո՛, այդ գործոնը կա, դա չի հերքվում։ Բայց եթե միայն այդ գործոնի վրա հենվելու լինեինք, մեզ այստեղ խանգարում է 2024 թ. մարտի համեմատ փոփոխությունը։ 2024 թ. մարտը ևս տարվա սկիզբ էր, և այդ օրինաչափ պրոցեսների ներքո էր տնտեսությունը՝ ի դեմս համեմատաբար պասիվ վիճակի, բայց 2024 թ. մարտի նկատմամբ էլ ունենք գերփոքր կազմակերպությունների թվի անկում 2150-ով։ Այս երկու թվերի համադրությունն է, որ տալիս է իրավունք ենթադրելու, որ թեև այդ որոշ օրինաչափ գործընթացները կան, և, այո՛, դրանք ունեցել են անդրադարձ, բայց նաև շատ մեծ է հավանականությունը, որ հենց այդ հարկային քաղաքականության փոփոխության արդյունքն իր հերթին ունեցել է իր ազդեցությունը։ Այստեղ կարող ենք նաև թվարկել, որ ունենք արտաքին գործոնների չեղարկում, ունենք ընդհանուր տնտեսական աճի պասիվացում, այո՛, այդ բոլորը կան, բայց դա չի հերքում այն բացասական և ցավալի կանխատեսումը, որի մասին խոսել ենք։ Ավելին, ժամանակի ընթացքում մի փոքր ավելի երկար ժամանակային լագ ունենալու պարագայում կարող ենք վերջնականապես վերահաստատել հետագա ընթացքը հասկանալու համար՝ ի վերջո, այդ գործոնը՝ հարկային ազդեցությունը, կա՞, թե՞ չկա, որքանո՞վ է, բայց այսօր արդեն ունենք դա պնդելու իրավունք»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ մի փոքր այլ պատկեր ունենք ավելի մեծ թվով աշխատողներ ունեցող կազմակերպությունների պարագայում, որոնք ևս համարվում են փոքր և միջին կազմակերպություններ, բայց հասկանալի է, որ ավելի մեծ թվով աշխատողների պարագայում հետզհետե ավելի շատ ռեսուրսների հետ գործ ունենք։ «Հետևաբար՝ դիմակայելու հնարավորությունները մի փոքր ավելի մեծերի դեպքում ավելի շատ են։ Ընդհանուր առմամբ, սա կհամարեի փոքր և միջին կազմակերպությունների առաջին արձագանք, և բնական է, որ առաջին արձագանքի ներքո ամենափոքրերը և դիմակայելու ամենափոքր հնարավորություն ունեցողները պիտի ամենաշատը ընկնեին այդ հարվածի ներքո։ Սա՝ տնտեսական խորքային գործընթացի մասին. ի դեպ, սա պարզապես թվի փոփոխություն չէ։ Կազմակերպությունների թվի կրճատումը տնտեսության համար վատ է, բայց դա տնտեսության կառուցվածքի շարունակական վատթարացման ներքո է։ Մեր տնտեսությունն այսօր այնպիսի շրջապտույտի, գործընթացների մեջ է, որի ընթացքում զարգանում են առևտուրը, ծառայությունները, այդ ամենն ապահովում է աճեր, այսինքն՝ այն ուղղությունները, որոնք արդյունք և հավել յալ արժեք, երկարաժամկետ աճի հիմքեր չեն ստեղծում։ Սրա հետ զուգահեռ նաև գործող կազմակերպությունների հետ կապված հնարավոր խնդիրները, նաև պայմանավորված հարկային քաղաքականության հետ, փաստորեն, բացասական իմաստով էլ ավելի մեծ նպաստ են բերում տնտեսության կառուցվածքի վատթարացման հարցում, ինչը երկարաժամկետում Հայաստանի տնտեսության համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Անդրադառնանք երկրորդ ասպեկտին, որը սոցիալական ուղիղ հարվածն է՝ ի դեմս գնաճի։ Վերջին շրջանում գնաճի արագացումը նկատելի է։ Դա ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, մարդու կյանքին, առօրյային, ամենօրյա կենսագործունեությանը։ Բավական հետաքրքիր պատկեր ունենք, երբ ուսումնասիրում ենք վիճակագրության որոշակի բացվածք։ Ծառայությունների թվում վարսավիրական և անձնական սպասարկման սրահների ծառայությունները մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ նախորդ տարվա մայիսի նկատմամբ, թանկացել են 14,1 տոկոսով։ Սա ուղիղ ցույց է տալիս իրականացված հարկային քաղաքականության արդյունքը։ Մի կողմից՝ սա ուղիղ վկայությունն է, որ, այո՛, դա հանգեցրեց գնաճային ալիքի, որքան էլ փորձ էր արվում հերքել։ Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ սա ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, և դրանով իսկ ավելանում են քաղաքացու սոցիալական բեռն ու խնդիրները։ Նաև այս ամենին պետք է ֆոնը գումարենք և դիտարկենք, իսկ ֆոնում ունենք սննդամթերքի, տրանսպորտային, բժշկական ու կրթական ծառայությունների թանկացում։ Բնական է, որ այս համայնապատկերի ներքո պետք է ամեն ինչ ուսումնասիրել մասնավոր խնդրից զատ՝ հասկանալու համար, թե իրականում ինչի հետ գործ ունենք»,-շեշտում է փորձագետը։

Հարկային այս քաղաքականությունը կարո՞ղ է բիզնեսի համար ստվերում գործելու պատճառ հանդիսանալ։ «Օրինաչափ գործընթացների պարագայում առավել քան տրամաբանական է, որ պետությունը պիտի իրականացնի հարկահավաքում, և առավել քան տրամաբանական է, որ դրա նպատակը պիտի լինի բյուջեի եկամուտների ապահովումը, որը, ի վերջո, պետք է նաև հետադարձ կապով դրական իմաստով անդրադառնա քաղաքացիների սոցիալական կարիքների բավարարմանը և այլն։ Այս քաղաքականությունը երկարաժամկետ կտրվածքով բյուջեի եկամուտների ապահովմա՞ն խնդիր է լուծելու։ Բարձրաձայնում ենք՝ նման քաղաքականությունը չի՞ առաջացնի ստվերում գործելու խնդիր և այլն։ Չի բացառվում, իհարկե, ստվերում գործունեությունը որևէ կերպ չի խրախուսվում որևէ իշխանության պարագայում, բայց հասկանալի է, որ նման իրավիճակներում դա չի բացառվում, սակայն ամբողջ խնդիրն անգամ ստվերը չի։ Հայացք նետենք վիճակագրությանը. մարդիկ պարզապես չեն դիմանում, չեն կարողանում տնտեսական գործունեություն իրականացնել, և դա խորքային պատճառահետևանքային տարբեր զարգացումներ ունի, այդ թվում՝ արտագաղթ, ժողովրդագրական պատկերի վատթարացում և այլն։ Կարճաժամկետում սա ապահովում է բյուջեի եկամուտներ, որովհետև բիզնեսը հիմնականում, եթե դիմակայունության փոքր իսկ շանս ունի, փորձում է հարմարվել նոր իրավիճակին, ստեղծել որոշակի լծակներ, խողովակներ՝ նոր պայմաններով աշխատելու, և դա կարճաժամկետում կարող է ապահովել բյուջեի համար եկամուտներ։ Բայց այդ դիմակայունության հնարավորություններն անսահմանափակ չեն, և երբ ռեսուրսները սպառվեն, ի դեմս փակվող տնտեսական գործունեության և ավելի կրճատվող ծավալների, նույն բյուջեն միջնաժամկետում և երկարաժամկետում հարված է կրելու։ Գուցե կրկին հարց առաջանա, թե ինչո՞ւ են սա անում։ Պատասխանն է՝ չկա տնտեսական երկարաժամկետ քաղաքականություն։ Կա կարճաժամկետ որոշումների հերթափոխ։ Այսօր ունենք բյուջեի եկամուտների ապահովման բավական լուրջ խնդիր, դա ակնհայտ է բոլորին։ Կա բյուջեի եկամուտների խնդիր, ի՞նչ են անում, իրականացնում են հարկային փոփոխություն, փորձում կարճաժամկետում այդ խնդիրը լուծել, երկարաժամկետի հարցը թողնում են հետո։ Խնդիրը կգա, հերթական կարճաժամկետ լուծումը կտան։ Եթե թողնենք բոլոր տեսակի գնահատականները, ճաշակը, սիրելը, տարատեսակ դավադրությունների տեսությունները և այլն, անգամ ամենամեծ և դրական ցանկությունների պարագայում կարճաժամկետ տնտեսական քաղաքականությունը չի կարող լինել արդյունավետ, եթե չկա երկարաժամկետ, կայուն ռազմավարություն, ընտրված նպատակներ, հստակ գործողություններ»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.