Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Ակիի սերն ամեն ինչի՝ հայրենիքի, մարդկանց, երեխաների նկատմամբ գերադրական աստիճանի էր». Կապիտան Արայիկ Մաթևոսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Մռավի լեռներում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ ու չարաճճի երեխա էր։ Ռիսկային էին իր բակային խաղերը։ Անունը «Փոթորիկ» էին դրել։ Իրոք, երբ մի տեղում հայտնվում էր, լավ իմաստով աշխուժություն էր տիրում։ Խելացի էր, սուր մտքով, հումորով։ Անգամ պատերազմների օրերին այնքան կատակներ էր անում, կարծես մոռացած լինեինք, որ պատերազմ է, երկուսս էլ բարձր ձայնով ծիծաղում էինք։ Ամեն ինչի մեջ դրականն էր գտնում։ Հայրիկն ազատամարտիկ է, մասնակցել է Լաչինի միջանցքի ազատագրմանը։ Երբ տուն էր գալիս, Ակին վազելով գնում էր հոր մոտ ու հարցնում՝ ո՞ր զենքով ես թուրք խփել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Արայիկի մայրիկը։ Նշում է՝ որդին կարծես ծնված լիներ մարդկանց պաշտպանելու համար։ «Բոլորին օգնել է, պաշտպանել։ Շատ ընկերասեր էր։ Իր սերն ամեն ինչի՝ հայրենիքի, մարդկանց, երեխաների նկատմամբ գերադրական աստիճանի էր»։

Արայիկը ծնվել է Աբովյան քաղաքում, ուսանել է թիվ 1 դպրոցում։ «Առաջադիմությամբ աչքի չի ընկել, բայց կիրթ էր, շատ էր կարդում։ Տեղում չէր կարողանում նստել, հաճախակի ծնող էին կանչում։ Շատ հոգատար էր նաև իր ուսուցիչների նկատմամբ։ Դպրոցն ավարտելուց հետո էլ, երբ արդեն սովորում էր ռազմական ինստիտուտում, կապ էր պահում նրանց հետ, աջակցում նրանց երեխաներին զինծառայության հետ կապված տարբեր հարցերում»։

Արայիկի հայրն ազատամարտիկ էր, որդին էլ այդ միջավայրում մեծացավ։ «Ակին շատ պարտաճանաչ էր, վերին աստիճանի մաքրասեր։ Ամուսնուս ընկերը, որ գնդապետ էր, «Մարտական խաչի» ասպետ, մի օր տղայիս մասին ասաց՝ լավ զինվորական կլինի, ղեկավարելու ձիրք ունի։ Դպրոցն ավարտելուց հետո իրեն առաջարկեցի՝ Ակի՛, կուզե՞ս զինվորական լինել։ Դրական պատասխան տվեց։ Քննությունները հանձնեց բարձր գնահատականներով և ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Լեյտենանտի կոչումով ծառայության անցավ Նոյեմբերյանի Կողբի զորամասում՝ նախ որպես հրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ Իր դիմումի համաձայն, ծառայել է առաջնագծում»։

Մինչև 2015 թվականը, անառիկ պահելով իրեն վստահված դիրքերը, արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և կապիտանի կոչման։ «Իր զինվորներն են հիմա պատմում, որ Ակին զինվորի մասին հոգ տանող սպա էր. «Եթե հիվանդ էինք, մեր փոխարեն կանգնում էր դիրքում, մեզ ուղարկում կազդուրվելու»։ Զինվորները զարմացել են, որ նման բան հնարավոր է, բայց նաև շեշտում են՝ այնքան խիստ էր, որ չէինք կարող իր անգամ այդ հրամանը չկատարել»։

Այնուհետև Արայիկն անցնում է թիկունք՝ տեղափոխվում Վանաձորի զորամաս։ «Թիկունքային ծառայությունն իրենը չէր, չէր կարողանում առանց սահմանի։ Երբ սկսվեց Քառօրյա պատերազմը, դիմում գրեց, որ մեկնի Արցախ՝ Եղնիկներ, բայց մինչև կգնար, պատերազմն ավարտվեց»։

2016 թվականին, սեփական դիմումի համաձայն, Արայիկը թիկունքային զորամասից տեղափոխվում է Արցախի Եղնիկներ զորամաս՝ որպես վաշտի հրամանատար։ «Անհանգստություն ունեի, Արցախյան առաջին պատերազմից հետո մեծ բարեկամություն էինք ձեռք բերել Արցախում, զանգահարեցի, խնդրեցի իրեն համոզել այլ զորամաս գնալ, քանի որ լսել էի՝ Եղնիկներում ծառայության պայմանները բարդ են։ Բայց Ակին հաստատակամ էր։ Արդյունքում դարձավ Եղնիկների սիրտն ու արծիվը։ 44-օրյա պատերազմի ժամանակ արձակուրդում էր։ Ավանդույթ ունեինք՝ ամեն հանգստյան օր ընտանիքներով ինչ-որ տեղ գնալու, սեպտեմբերի 27-ին մեր ուղղությունն Արցախն էր։ Զանգ եկավ իրեն, խոժոռվեց, մի քանի վայրկյանում հագավ համազգեստը՝ Արցախ չեք գնում, տղերքն իմ հետևից են գալիս, պատերազմ է»։

Արայիկը մեկնում է Արցախ։ «Նախքան իր դիրքեր հասնելը, որտեղ դեռ ռազմական գործողություններ չկային, թեքվում է այլ ուղղությամբ և մտնում մարտի մեջ։ Թուրքերի գրաված Արեգասարը հետ են վերցնում մի քանի հոգով։ Իսկ հետո ճանապարհվում են այն հատվածներ, որտեղ թեժ կռիվներ էին։ Երկու օր չէինք խոսել, իր ծննդյան օրը զանգեց, տրամադրությունը լավ էր։ Հաջորդ զանգի ժամանակ մի տեսակ հոգնած ձայնով էր, պատկերացրեք՝ փոթորիկը հանգիստ ասի՝ մա՛մ։ Հարցրեցի՝ հո վիրավոր չե՞ս։ Բացասական պատասխան տվեց՝ չէ, հոգնած եմ։ Խոսեցինք ու ճշտող հարց տվեցի՝ Հենոյից (զորամասի բժիշկն է) նորություն ունե՞ս։ Ակին պատասխանեց՝ հենց նոր միասին էինք։ Մյուս տղաս՝ Աբելը, զանգեց, իրեն ասացի, որ Ակին վիրավոր է, նա Հենոյին կտեսներ այն դեպքում, երբ վիրավոր լիներ։ Վիրավորումը թևից էր։ Մի կերպ համոզելով՝ իրեն ուղարկում են Հայաստան։ Վիրահատեցին, երկրորդ վիրահատությանը չմնաց՝ տղերքս մենակ են, պիտի գնամ։ Իմ ընտանիքի տղամարդիկ պատերազմի օրերին մարտի դաշտում էին։ Առաջին օրը գնաց Ակին, հաջորդ օրը մյուս որդիս՝ Աբելը։ Ամուսինս Ջրականում է եղել։ Այդ ընթացքում իրար հետ չեն խոսել, ես էի իրենց կապող օղակը»։

2021 թվականին Արայիկն ընտանիք է կազմում։ «Պատերազմից հետո տղաները վերադառնում էին Հայաստան։ Լրացել էր իր ծառայության 20 տարին, կարող էր զորացրվել։ 2023 թվականը ներառյալ 18 տարի ծառայել է առաջնագծում։ Պետք է դիմում գրեր, բայց զանգեց ինձ ու Արցախի գրանցումով անձնագիրը ցույց տվեց. «Իմ զորքն ինձ հետ դուրս կգա, չեմ կարող նման բան անել հիմա, երբ բանակի շարքերը նոսրացել են»»։

2022 թվականին ծնվեց Արայիկի որդին։ Արցախում շրջափակում էր։ «Կարող էր շրջանցող ճանապարհներով հասնել Հայաստան, բայց չեկավ անգամ որդուն տեսնելու՝ իմ զինվորները չեն կարողանում տուն գնալ, ես ո՞նց գամ։ Նա այդպես էլ չգրկեց իր տղային»։

Վրա հասավ հաջորդ պատերազմը։ Տիկին Մարինեի խոսքերով, 2023 թ. սեպտեմբերի 15-ին տղաներին ասում են՝ հայկական զորքը կարող է իջնել։ «Ակին իրենց ասել է՝ չեմ կարող ասել՝ գնացեք կամ մնացեք, ես գնալու տեղ չունեմ։ 120 հոգուց 5 հոգին իջնում են։ Սեպտեմբերի 19-ին սկսվեց հարձակումը։ Ամբողջ օրը զրուցել ենք, աչքերը փայլում էին, այդ օրվա իր գեղեցկությունն ուրիշ էր, աչքերից կրակ էր թափվում։ Հարցրեցի՝ ի՞նչ ես արել, որ քեզանից այդքան գոհ ես։ «Մա՛մ ջան, տղուդ գիտես»։ Իրենից գոհ կարող էր լինել, եթե իր վրեժը լուծեր։ 2020 թ. ընթացքում շատ մտերիմ ընկերների կորցրեց։ Իր համար շատ բարդ էր պատերազմից հետո։

Գիշերը հարվածում են դիրքերից մեկին։ Ակին փորձում է կապ հաստատել այդ դիրքի հետ, բայց ապարդյուն։ Զանգում է վերադասին՝ ուզում եմ բարձրանալ 06 դիրք։ Ասում են՝ մի գնա, չգիտենք, թե հիմա այնտեղ ովքեր են։ Լույսը բացվելուն պես զանգահարում է վերադասին, որ բարձրանում է այդ դիրքը։ Ընկերներից մեկն ասում է՝ Ակի՛, հետդ բարձրանա՞մ։ «Չէ, մնա այստեղ, գիտես՝ ինչ ես անելու»։ Ընկերն այդ պահին չի հասկանում, թե Ակին ինչ նկատի ունի։ Բարձրանում է 07 դիրք, այնտեղ երկու հոգի զոհված են լինում, հրահանգում է, թե ինչ է պետք անել։ 06 դիրք բարձրանալիս տղաներից մեկն իր հետ բարձրանում է՝ իր հրամանատարին մենակ չթողնելով։ Դիրքը փլատակ է լինում, բայց ոտքեր է նկատում, գնում օգնության։ Թշնամու օդային հարվածները չեն ուշանում։ Այդ ժամանակ իր ընկերը հասկանում է, թե «ինչ պիտի աներ»։ Նա է Ակիի մարմինը դուրս բերում»։ Արայիկն անմահացել է սեպտեմբերի 20-ին Մռավի լեռներում։

Մայրիկի խոսքով՝ ծառայության բոլոր տարիների ընթացքում որդին եղել է թշնամու դիպուկահարի թիրախում։ «Ասում էր՝ մինչև ճանապարհն արժանապատվորեն չբացվի, այստեղից եկողը չեմ։ Իրենց ցուցակում առաջիններից մեկն իմ անունն է»։

Հիմա տիկին Մարինեին ապրելու ուժ տալիս են Ակիի մասին հիշողությունները, նրա թողած անունն ու մարտական ուղին, և, իհարկե, նրա որդին։ «Շրջափակման ժամանակ բնությունն էր նկարում, ասում՝ ինչպես թողնեմ սա ու գամ, տես՝ ինչ սիրուն է»։

Հ. Գ. - Կապիտան Արայիկ Մաթևոսյանը (Ակի) ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, ՀՀ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, ՀՀ ԶՈւ «Գարեգին Նժդեհ», ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով, հետմահու՝ ԱՀ «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցուն կից գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank