Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Խելացի էր, աշխույժ, բարի, այնքան երազանքներ ու նպատակներ ուներ Էրիկս». Էրիկ Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր, չարաճճի, խելացի։ Իր ակտիվությամբ որևէ մեկին վնաս չի տվել։ Անասելի բարի էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Մեկ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան՝ Դոնի Ռոստովի շրջան, քաղաք Նովոչերկասկ: Այնտեղ Էրիկը մանկապարտեզ է հաճախել։ Հետո 2007-2016 թթ. սովորել է տեղի թիվ 6 դպրոցում: Ուսման ընթացքում ունեցել է բազում հաջողություններ, այդ թվում՝ ստացել գերազանցության պատվոգրեր, մրցումներում և օլիմպիադաներում հաջողություններ գրանցել, արժանացել պատվոգրերի և հավաստագրերի։ «Առաջինից մինչև չորրորդ դասարան ամեն տարի գովասանագրեր է ստացել, գերազանց առաջադիմության համար պատվոգրեր մաթեմատիկայից և ռուսաց լեզվից։ Բոլոր ուսուցիչներն իրեն շատ են սիրել։ Տարիքի հետ իր առաջադիմությունը մի փոքր թուլացավ, բայց ուսուցիչների վերաբերմունքը չփոխվեց Էրիկիս նկատմամբ»։ Մայրիկի խոսքով, որդու տարերքը ավտոմեքենաներն էին, փոքր տարիքից կարողանում էր մեքենա վարել:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նովոչերկասկի քոլեջ։ Մասնագիտական ուղղվածությունը ռեստորանային բիզնեսն էր։ 2019 թվականին, կիսատ թողնելով ուսումը, Էրիկը վերադառնում է Հայաստան։ «Շատ էր սիրում Հայաստանը, ուզում էր իր հայրենիքում ծառայել։ Որպես ծնող՝ դեմ եմ եղել իր որոշմանը, բայց նա գնեց ինքնաթիռի տոմսը և հետո ինձ հայտնեց իր որոշման մասին»։ Խոսելով որդու երազանքների մասին՝ տիկին Աննան նշում է՝ Էրիկը գիտեր, որ մայրիկը ծով շատ է սիրում։ «Ասում էր՝ մամա՛ ջան, հենց մեծանամ, առաջին հերթին քեզ համար գնելու եմ մեքենա, հետո տուն ծովի ափին»։

2019 թ. հուլիսի 15-ին Էրիկը զորակոչվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ծառայել է Արցախում՝ Ասկերանի շրջանի թիվ N զորամասի 5-րդ գումարտակի նռնականետային դասակում: «Շատ էի անհանգստանում իր համար։ Ռուսաստանում ապրած երեխա էր, հայերեն գրել-կարդալ չգիտեր, միջավայր էր փոխել, ու մտածում էի, որ չի հարմարվի։ Բայց որևէ անգամ որևէ բողոք չի ունեցել։ Եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ հաստատ խոսել ենք։ Պատերազմի օրերին եղել է՝ օրը երկու անգամ է զանգել։ Ասում էի իրեն՝ Է՛ր ջան, միայն զանգի, ձայնդ լսեմ։ Խաղաղ շրջանում իրեն հաճախ էի տարբեր հարցեր տալիս՝ հասկանալու համար, թե ինչպես է իրեն զգում, հարմարվել է տղաների հետ, հո չեն նեղացնում իրեն։ Երբեք դժգոհություն իրենից չեմ լսել։ Միշտ ասում էր. «Մա՛մ, սաղ ցենտր ա»։ Նաև շատ էր սիրել Հայաստանը։ Ռուսաստան տեղափոխվելուց հետո միայն մեկ անգամ էինք եղել Հայաստանում։ Հետո արդեն եկել էր ծառայության մեկնելու համար։ Չենք խոսել իր՝ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին, բայց ասում էր՝ անպայման գնալու-գալու եմ։ Երբեմն զարմանում էի, որ Հայաստանում չապրելով՝ այդքան կապվեց հողին ու ջրին, երկրին, մարդկանց»։

Էրիկը եղել է օրինակելի զինվոր, շատ լավ տիրապետել է իր զենքին (ԱԳՍ-17): 2020 թ. օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից պարգևատրվել է իր պարտականությունները բարեխիղճ կատարելու, օրինակելի ծառայության և կարգապահության համար: Ունի բազում շնորհակալագրեր և պատվոգրեր:

Բայց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ օրերին մայրիկն ամենօրյա կապի մեջ էր որդու հետ։ «Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 11-ի առավոտյան։ Շատ տխուր էր իր ձայնը։ Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ, ասաց. «Մա՛մ, հարմար չէ խոսելուս տեղը, հեռախոսը լիցքավորում չունի, եթե մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաս, կիմանաս, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է»։ Հետո իմացա, որ իրենք պաշտպանել են Ակնայի (Աղդամ) դիրքերը, զորքին հոկտեմբերի 10-ին ասել են, որ ամսի 11-ին տեղափոխելու են Հադրութ։ Էրիկիս հետ խոսելուց հետո տագնապ ապրեցի, իմ մայրական բնազդը լավ բան չէր հուշում»։ Դա Էրիկի վերջին զանգն էր։

15 օր թշնամու դեմ պայքարելուց հետո Էրիկն անմահացել է հոկտեմբերի 11-ի երեկոյան Հադրութի շրջանի «Թութակներ» կոչվող տեղամասում՝ հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ՝ «բայրաքթարի» արձակած արկի հարվածից ստանալով բազմաբեկորային ծանր աստիճանի վնասվածքներ: «Հոկտեմբերի 11-ից հետո սպասողական վիճակ էր մեզ մոտ։ Հոկտեմբերի 14-ին իմացանք, որ տղաները զոհվել են»։

Իսկ հետո սկսվում են Էրիկի որոնումները։ «Տղաների մարմինները տեղափոխել էին, դրանից հետո նկարել, նկարներով պետք է նրանց ճանաչեինք։ Նկարը տեսել է եղբայրս, քրոջս ամուսինը, ես չեմ տեսել»։

Զոհվելուց հետո օրեր շարունակ փնտրել են Էրիկին։ «Իմ հարազատներն են պատմել՝ սկզբում գնում էին հիվանդանոցները, հետո դիահերձարանները։ Չէին գտնում իրեն։ Մի օր նստած էի, և մեկը կարծես ինձ ասաց՝ Էրիկը Մասիսում է։ Հետո նաև լսում էի իր ձայնը, որ «մամ» է կանչում։ Եղբորս ու քրոջս ամուսնուն ասացի՝ խնդրում եմ, գնացեք Մասիս։ Արձագանքեցին, որ արդեն երկու անգամ եղել են այնտեղ։ Ամեն տեղ եղել են այդ օրերին։ Էրիկիս գտել են հոկտեմբերի 19-ին։ Օրվա երկար որոնումներից հետո, երբ պետք է վերադառնային տուն, քրոջս ամուսինն ասում է՝ չեմ կարող Աննայի աչքերին նայել, քշում ենք Մասիս։ Հասնում են Մասիս, սկսում համակարգչով նկարները թերթել ու գտնում են Էրիկիս։ Իրենց ասել էի՝ Էրիկս Մասիսում է, «անհայտների մեջ»։ Չգիտեմ, թե որտեղից էի այդ ինֆորմացիան վերցրել»։

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Էրիկի հուղարկավորությունը։ Մայրիկը չի կարողացել նրան հրաժեշտ տալ, մի վերջին անգամ գրկել ու համբուրել, քանի որ, ինչպես ասում են, որդուն նրան «փակ» են տվել։ Սա տղաների մասին պատմություններում կարմիր թելով անցնող փաստ է։

Տիկին Աննան ցանկացել է իմանալ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները պատերազմի դաշտում, ցանկացել է ավելի շատ տեղեկություն իմանալ սիրելի որդու մասին։ Նա որոշում է սոցիալական իր կայքի միջոցով Էրիկի մասին պարբերաբար ինֆորմացիա տարածել՝ հույս ունենալով, որ որդու ընկերներից որևէ մեկը կկապվի իր հետ։ «Էրիկի զոհվելուց 6-7 ամիս անց մի տղա է ինձ գրում՝ ծառայել եմ Էրիկի հետ, շատ եմ ուզում ձեզ հետ զրուցել։ Կարծես գանձ, կյանք գտած լինեի։ Գագիկը շատ լավ տղա է, կապը պահում է ինձ հետ, մշտապես զանգահարում։ Էրիկիս մահվան տարելիցին ընտանիքներով հանդիպեցինք։ Միասին ծառայել են, կռվի թեժ պահին միասին եղել։ Նա պատմեց այդ օրվա մասին։ Ինձ համար շատ ծանր էր այդ պատմությունը լսելը, բայց նաև ուզում էի իմանալ, թե ինչ է կատարվել, չէի ցանկանում ինչ-որ բաներ մութ մնային։ Էրիկս մարտի դաշտում անվախ է եղել, միշտ առաջինը, ռիսկով։ Տղաների մոտ չի եղել վախ բառը, մեր նահատակված ու ողջ մնացած տղաներն արժանի են մեծ հարգանքի ու պատվի»։

Էրիկը եղբայր ունի՝ Էմիլը։ Իհարկե, հիմա նա է մայրիկին ուժ տվողը։ Բայց տիկին Աննան իրեն ապրեցնող ևս մեկ կարևոր մարդու մասին է պատմում։ «Էրիկիս զոհվելուց երկու տարի հետո քրոջս տղան ամուսնացավ։ Մեկ տարի հետո ծնվեց նրա տղան։ Հոկտեմբերի 11-ին Էրիկս զոհվել է, հոկտեմբերի 10-ին ծնվել է քրոջս թոռը։ Այդ օրն անհանգիստ աղոթում էի մեր հարսիկի համար։ Մեկ էլ քրոջս տղան զանգեց՝ մո՛ք ջան, աչքդ լույս, Էրիկը ծնվեց։ Նա արևի մի շող է ինձ համար։ Իրավունք չունեի պահանջելու, որ իրենց երեխային իմ Էրիկի անունը տային, դա նրանց որոշումն է եղել, որն ինձանից թաքցրել են ու ինձ անակնկալ մատուցել»։

Հ.Գ. - Էրիկ Նահապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Դիլիջանի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank