Ավետիք Չալաբյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի առթիվ
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության հռչակման 107 տարեդարձը։ Մեր հանրապետությունը ստեղծվել է անօրինակ ծանր աշխարհաքաղաքական պայմաններում, Հայոց Ցեղասպանությունից և մեր տարածաշրջանից ռուսական կայսերական բանակների հապշտապ հեռացումից հետո։ Օգտվելով առաջացած հնարավորությունից, տառացիորեն երեք ամսում օսմանյան բանակը գրավեց ողջ Արևմտյան Հայաստանը, ներխուժեց Շիրակ և Լոռի, և մոտեցավ Արարատյան դաշտին՝ հայության վերջին կենսական հանգրվանին։
107 տարի առաջ, այս ծանրագույն իրավիճակում, չունենալով պետություն և պետական կայուն ինստիտուտներ, համատարած խուճապի և բարոյալքության պայմաններում, հայ ժողովրդի լավագույն զավակները, ժողովելով իրենց վերջին ուժերը, մեկ շաբաթից ավել հերոսական կռիվ տալով երեք ճակատներով և օսմանյան բանակին հսկայական կորուստներ պատճառելով՝ խափանեցին Արևելյան Հայաստանը գրավելու և հայության բնաջնջումը ավարտին հասցնելու թուրքական պլանները։
Այդ օրերին հայ ժողովրդի ողջ մարտական ընտրանին կռվի մեջ էր՝ Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը, Քրիստափոր Արարատյանը՝ Սարդարապատում, Դրաստանատ Կանայանը, Սեդրակ Ջալալյանը և Ջհանգիր աղան՝ Բաշ-Ապարանում, Գարեգին Նժդեհը և Գուրգեն Տեր-Մովսեսյանը՝ Ղարաքիլիսայում, դիմադրության ոգին էին Արամ Մանուկյանը Երևանում և Գևորգ 5-րդ կաթողիկոսը Էջմիածնում։ Կանոնավոր բանակի ստորաբաժանումների կողքին կռվում էին Արևմտյան Հայաստանի և Արցախի կամավորական գնդերը, տեղի հայ աշխարհազորայինները, եզդիական հեծյալ զորախմբերը՝ սա համաժողովրդական կռիվ էր, կենաց ու մահու պայքար, ընտրություն գոյության և բնաջնջման միջև։
Այս ճակատագրական օրերի լավագույն նկարագրությունը տվել է թշնամին։ Օսմանյան Կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ փաշան, Ղարաքիլիսայում ծանր կորուստներ կրելուց հետո, հայտարարեց, որ «Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները», և որ հայերի հետ անհրաժեշտ է հաշտություն կնքել։
Այսօր էլ, 107 տարի անց, մայիսյան հերոսամարտի խորհուրդը ավելի քան արդիական է՝
• մեր երկրի հողը հերոսների վճռականությամբ, սխրանքով և արյունով է պահվում, ամենազորեղ թշնամին էլ ընկրկում է այդ վճռականության առաջ
• ճշմարիտ հերոսները նրանք են, որոնք մեծագործում են և զոհվում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ,
• մենք արժանի չենք լինի մեր հայրենիքին, եթե չենք դավանում այն իբրև մեր գերագույն նպատակ, իսկ մեր անձը՝ իբրև միջոց:
Այսօր փառք տալով մեր հերոսներին և խոնարհվելով նրանց անմահ սխրագործության առաջ, մենք պետք է հանձն առնենք՝ շարունակել նրանց գործը, միասին պաշտպանել ու շենացնել մեր հայրենիքի այն հատվածը, որը պահվել է նրանց սխրանքով և արյամբ, և երբեք չհրաժարվենլ մեր հայրենքի միասնությունն ու փառքը վերականգնելու նվիրական տեսլականից։ Փա՛ռք մեր հերոսներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



