Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


«Կիմն այնքան բարի էր, որ վստահ էի՝ իրեն ոչինչ չի լինի». կամավոր Կիմ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Եղնիկներում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիմի մայրիկի՝ տիկին Նարինեի հետ զրույցը սովորականի նման եմ սկսում։ Խնդրում եմ պատմել որդու մասին։ Արձագանքում է՝ չի ուզում տպավորություն ստեղծել, թե գովերգում ու կատարյալ է դարձնում որդուն։ Եվ խնդրում է ինձ Կիմի սոցցանցի էջն աչքի անցկացնել, որտեղ նրա ընկերների գրառումներն են. դրանք ավելին կպատմեն նրա տեսակի մասին։ Մեկ հայացք այդ գրառումներին, և հասկանում ես, թե որքան են ընկերներն ու հարազատները զգում Կիմի կարիքը։ Հետո տիկին Նարինեի հետ զրուցում ենք որդու մասին։

«Կենսախինդ էր, կամեցող, շատ աշխույժ։ Չափից դուրս պատրաստակամ, ինչի համար ներքուստ նաև մի քիչ վախեցել եմ։ Մտածել եմ, որ այս դարում այդպիսին լինելն իրեն կվնասի, բայց որ այսպես, չեմ պատկերացրել։ Անսահման բարի էր։ Մեկ օր ինձ ասաց՝ ես մեր տանն ուրիշների շահերի պաշտպանն եմ։ Մեր տանը որևէ մեկս չէր կարող ինչ-որ մեկի մասին թեկուզ մեկ բառ ասել, կամ էլ տանից մեկը ներս մտներ և հանկարծ վատ ընդունելությա՞ն արժանանար... Չէր կարող նման բան պատահել։ Այդպիսին է մեր ընտանիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն։

Կիմին մայրիկը որպես պարտաճանաչ և ընկերասեր երիտասարդ է բնորոշում. «Ինչ գործ սկսեր, պետք է անպայման ավարտին հասցներ։ Պատասխանատվության մեծ զգացում ուներ։ Սիրում էր զենքը։ Իր հայրիկն էլ մշտապես շեշտում էր՝ տղան պետք է պատասխանատու լինի, զենք սիրի, հայրենիք սիրի, ծնող հարգի։ Կամքի ուժ ուներ փոքր տարիքից, ինչը, ցավոք, մեր օրերում արժեզրկվեց։ 2018-2019 թթ. պապիկը վատառողջ էր, խնամքի կարիք ուներ, Կիմը ուսանող էր Երևանում։ Գիշերով գալիս էր տուն, օգնում մեզ, առավոտյան վեցին արթնանում, որ հասնի իր դասերին և աշխատանքին։ Աշխատավայրում էլ մեկ ժամ շուտ էր հերթափոխ ընդունում, որ մյուս տղան էլ շուտ դուրս գա, քանի որ նա մեկ ուրիշ տեղ էլ էր աշխատում։ Երբ մի անգամ ակնարկեցի, որ իր ժամանակից շուտ է հերթափոխն ընդունում, զարմացավ, թե ինչու եմ նման բան ասում՝ աշխատում է այդ մարդը»։

Մայրիկը մտովի տեղափոխվում է ոչ վաղ անցյալ. «Սիրում էր լողալ Արփայում, ձուկ որսալ, ֆուտբոլ խաղալ։ Երգում էր հայրենասիրական երգեր, կարդում էր Նժդեհ։ Սիրում էր կրկնել հատկապես այս տողերը՝ «Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը։ Հայրենիքին ծառայելը պատիվ է և ոչ պարտականություն»։ Իր հետ միշտ ուներ (նաև ռազմաճակատ տարած ուսապարկում) եռագույնն ու Արցախի դրոշը»։

Կիմը ծնունդով Վայոց ձորի մարզի Արենի գյուղից է։ Մայրը բուժքույր է, հայրը՝ ռազմագիտության ուսուցիչ, զինղեկ։ Սովորել է Արենիի միջնակարգ դպրոցում։ «Մեր ընտանիքում միշտ գնահատվել է ուսումը, աշխատանքը։ Չգիտեմ՝ իրեն դա ավելի շատ գենով ենք փոխանցել, թե դաստիարակությամբ, բայց այս ամենն իր ներսում եղել է մանկուց։ Վեց տարեկանում, դեռ նոր-նոր տառաճանաչ, գրել է. «Եթե Մասիսը գրավելու միտք առաջանա, և զինվորներ պետք գան, ես կկռվեմ»»։

Դպրոցն ավարտելուց հետո 2013 թվականին Կիմն ընդունվել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ստոմատոլոգիական ֆակուլտետ։ Բայց երազում էր ռազմական բժիշկ դառնալու մասին։ Նույն թվականին զորակոչվել է Հայկական բանակ, ծառայել է Մեղրիում։ Ծառայության ընթացքում արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի, շնորհակալագրերի և սերժանտի կոչման։ Կիմը վերջին կուրսի ուսանող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ «2016 թվականին՝ Քառօրյա պատերազմի ժամանակ, ցանկանում էր մեկնել Արցախ։ «Կամավորական շարժում» ՀԿ-ի կազմով հագուստներ ստացան, զինվորագրվեցին, բայց չհասցրեցին մեկնել, քանի որ, բարեբախտաբար, պատերազմն ավարտվեց։ Այդ ժամանակվանից գիտեի, որ եթե ռազմական գործողություն սկսվի, Կիմն անպայման պիտի գնա։ Սեպտեմբերի 27-ին Դաշնակցությունն Արամ Մանուկյանի արձանի մոտ ժողով էր հրավիրել, այդ ժամանակ Կիմը դրոշակակիրներից էր։ Ուղիղ եթերով դիտում էի հավաքի ընթացքը, տեսա՝ մեկը դրոշն այնպես ամուր էր բռնել, հայրիկին անմիջապես ասացի՝ դրոշակակիրը Կիմն է։ Հետո երբ կադրը թեքվեց, համոզվեցի, որ նա է։ Այդ օրը զանգեց ինձ, ասաց՝ հիմա ինձ չեն տանում։ Այնքան տխուր էր, որ չէր գնում, ես էլ տղաներին այդ պահին հեռուստացույցով տեսնում էի, և իր դեմքն այնպիսի տխրություն էր արտահայտում, որ լաց եղա։ Հասկանո՞ւմ եք՝ լաց էի լինում, որովհետև որդիս տխուր էր, որ չի մեկնում ռազմաճակատ»։

Օրեր շարունակ Կիմին չի հաջողվում հասնել Արցախ։ Մայրիկը նշում է՝ հրամանատարն ասում է, որ Կիմը չէր համակերպվում այդ մտքի հետ, բողոքում էր, դժգոհում. «Եվ, ի վերջո, հոկտեմբերի 12-ին մեկնեց։ Մինչ այդ իրենք Բյուրականում էին, վարժանքների էին մասնակցում։ Նախորդող օրերին եկավ գյուղ շատ կարճ ժամանակով։ Շատ անհարմար էր զգում իրեն, մեր երեսին չէր նայում։ Կարծես իրեն մեղավոր զգար, որ ինքը մարտի դաշտում չէ։ Ուսուցչի օրը հայրիկին նվիրված տողեր հրապարակեց. «Իմ կյանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցի՛չ, քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»»։

Ծա՞նր էր որդուն բաց թողնելը։ «Լուրերի էպիկենտրոնում էինք։ Պատերազմից եկող լուրերը ստիպում էին կանխել Կիմի գնալը, բայց չենք արել դա։ Իրեն ճանապարհելուց մեզանից որևէ մեկն իրեն որևէ բառ չի ասել։ Միայն մտածել եմ՝ Աստված կտեսնի իր բարությունը, ինչպե՞ս կարող է այն կորչել։ Երբ տուն էր եկել ու կրկին պետք է Բյուրական վերադառնար, մեկնելու օրը շղթան, որից նաև մկրտության խաչն էր կախված, իր պարանոցից հանեց ու իմին գցեց։ Ձեռքը վզովս գցեց, որ նկարվենք։ Մի տեսակ շարժում արեցի, որ չեմ ուզում, երկուսս էլ հասկացանք, թե ինչ ենթատեքստ ունի այդ նկարը, որն առաջին անգամ անհաջող ստացվեց։ Հասկացա, որ ճիշտ չեմ վարվում ու չպետք է տղայիս մերժեմ, կրկին նկարվեցինք։ Հոկտեմբերի 12-ի առավոտյան զանգահարեց՝ մայր-ծնող, որդիդ զինվոր ա կերթա։ Մինչև հիմա ականջներս այրում են այդ խոսքերը։ Ո՛չ բարև ասաց, ո՛չ ուրիշ բան, միանգամից այդ խոսքերը։ Իսկ ես չասացի՝ հո՞ կերթաս, որդիս։ Խնդրեց, որ բժշկական պարագաներ մեկտեղեմ, որ տանի իր հետ։ Ընկերը եկավ, ասաց՝ բուշլատն էլ է ուզել, ես էլ անգամ արձագանքեցի՝ չեմ ուղարկելու, որ չգնա, բայց, իհարկե, ուղարկեցի, որ չմրսի։ Միշտ մտածում էի՝ վերևում Աստված կա, Կիմն այնքան բարի է, որ իրեն ոչինչ չի լինի։ Գնալու օրը Արենիի խաչմերուկ հասան կեսգիշերին մոտ՝ ժամը 11-12-ի կողմերը։ Իրեր էի դրել, եղբայրն ու հայրիկը տարան, որ ճանապարհեն։ Հայրիկը փորձել էր գրկել, համբուրել, ձեռքը առաջ էր բերել՝ պատերազմ ես ճանապարհում, ամեն ինչի պատրաստ եղիր»։

Հոկտեմբերի 12-ին «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի շարքերում Կիմը մեկնեց ռազմաճակատ։ Տարիքով բոլորից փոքրն էր, բայց նշանակվեց ջոկի հրամանատար։ Կիմի կռիվը տևեց մինչև հոկտեմբերի 31-ը։ Այդ ընթացքում նա հասցրեց լինել Մարտակերտում, Մարտունիում, Եղնիկներում, որտեղ էլ անմահացավ՝ Արեգասարի հանդիպակաց բարձունքում ընթացող պաշտպանական մարտի ընթացքում։

Մեկնելուց առաջ Կիմը գրել էր. «Բախտը մեկն է զինվորի՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն»։ «Նա թղթի վրա գրել էր իր անուն ազգանունը, նշել գյուղը, եղբոր հեռախոսահամարը, թուղթը պահել իր մոտ։ Գիտեր, որ դեպքեր են լինում, երբ տղաներին շատ դժվարությամբ են գտնում։ Վարկեր ուներ, բոլորը զրոյացրել էր, նոր մեկնել ռազմաճակատ։ Այսպիսին էր Կիմը։ Նոյեմբերի 1-ն իր հայրիկի ծննդյան օրն է։ Կիմն ընկերներին ասել էր՝ որ չհասցնեմ, կշնորհավորեք հայրիկիս, եղբորս՝ Սոսին էլ կասեք, որ տղայի անունն Արցախ դնի։ Տղային Կիմ անվանակոչեցին»։

Ապրելու ուժի մասին. «Այդ ուժն ինձ Կիմն է տալիս, իր գաղափարները և իր ընկերները։ Իր ընկերները մեզ երբեք մենակ չեն թողնում։ Օր չկա, որ գնանք Կիմի մոտ և չնկատենք, որ նրան արդեն այցելել են։ Իր ընկերների հետ, կարծես, մի մեծ ընտանիք դարձած լինենք։ Ծննդյան օրը գալիս են, գնում ենք Կիմի մոտ, նշում նրա տարեդարձը, երգում են մարտական ընկերները։ Միշտ ասում եմ՝ Կիմն այսպես կցանկանար ու վերջ։ Մեր տունը պետք է լի լինի մարդկանցով, մեր դուռը բաց, ես Կիմի մաման եմ, այլ կերպ չեմ կարող»։

«Նիկոլ Աղբալ յան» ուսանողական միության կողմից, որի անդամն է եղել Կիմ Խաչատրյանը, սահմանվել է ամենամյա անվանական կրթաթոշակ։

Հ. Գ. - Կիմ Խաչատրյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Արենիի գերեզմանատանը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation