Մադրիդում գնդակահարվել է Յանուկովիչի վարչակազմի անդամ, նախկին քաղաքական գործիչ Պորտնովը
INTERNATIONAL NEWS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինացի փաստաբան և նախկին քաղաքական գործիչ Անդրեյ Պորտնովը սպանվել է Մադրիդի ամերիկյան դպրոցի առջև այն բանից հետո, երբ իր երկու դուստրերին տարել և թողել է ուսումնական հաստատությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Հարձակվողներից մեկը մի քանի կրակոց է արձակել 51-ամյա Պորտնովի վրա, որից հետո փախել է մոտակա Կասա դե Կամպո հանրային զբոսայգու ծառաշատ հատված։
Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ հարձակումը լավ պլանավորված է եղել և հիշեցրել է պրոֆեսիոնալ վարձու մարդասպանների ձեռագիր։ Հաղորդվում է երկու կամ երեք հարձակվողի մասին։ Նրանցից ոչ մեկն առայժմ չի ձերբակալվել։
Հանցագործության շարժառիթները դեռ չեն հաստատվել, սակայն դիտարկվում է երկու հիմնական տարբերակ՝ պարտքերը կամ քաղաքական դրդապատճառները։
Պորտնովը նախկինում եղել է Գերագույն ռադայի պատգամավոր, ինչպես նաև զբաղեցրել է 2014 թվականին պաշտոնանկ արված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
BBC-ն նշում է, որ Անդրեյ Պորտնովն Ուկրաինայից հեռացել էր հեղափոխությունից հետո, իսկ Վոլոդիմիր Զելենսկիի՝ նախագահ ընտրվելուց հետո 2019 թվականին վերադարձել էր հայրենիք։ Այնուհետև նա կրկին հեռացել էր Ուկրաինայից, 2021 թվականին հայտնվել ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում՝ դատական իշխանության վրա վերահսկողություն հաստատելու քայլերի և բարեփոխումների ջանքերի խափանման պատճառաբանությամբ։
ԵՄ-ն նույնպես պատժամիջոցներ էր սահմանել Պորտնովի նկատմամբ, սակայն նա բողոքարկել էր այդ որոշումը և հաղթել դատարանում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































