Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»
POLITICS
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակ առ ժամանակ անցկացվում են տարբեր սոցիոլոգիական հարցումներ: Դրանց մի մասը հրապարակվում է (այս առումով ամենաակտիվը, երևի թե, «Գելլափն» է), մյուսները, որոնք անցկացնում են տարբեր քաղաքական ուժեր կամ հատուկ ծառայությունները՝ այսպես կոչված՝ «ներքին սպառման» համար, մնում են չհրապարակված:
Ըստ մասնագետների, նման հարցումների պարագայում կարևոր են ոչ միայն բուն հարցերին տրված պատասխանների տոկոսային ցուցանիշները, օրինակ՝ ո՞ւմ կտայիք ձեր քվեն, եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ, կամ՝ ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը և այլն: Պակաս էական չէ նաև հարցվածների սոցիալական «շերտավորումը»: Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես վերջին երկու տարվա հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ամենացածր վարկանիշն ու ամենաբարձր հակավարկանիշն ունի 18-35 տարեկանների շրջանում: Այսինքն, երիտասարդությունը փաստացի մերժում է նրան: Փոխարենը, նրա կողմնակիցների մեջ գերակշռում են 6 0-ից բարձր տարիք ունեցողները, որոնք կազմում են Փաշինյանի 11-12 տոկոսանոց վարկանիշի կեսից ավելին:
Ճիշտ է՝ իրենց խորհրդային դաստիարակությամբ, պատասխանատվությամբ այս սեգմենտը հիմնականում ամենաակտիվն է լինում ընտրություններում, բայց հիմա արդեն այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի: Բանն այն է, որ 60-ից բարձր տարիք ունեցողների մեծ մասն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԽՍՀՄ հանդեպ, ուրույն արժեհամակարգ և վերաբերմունք ունի Հայրենական պատերազմի նկատմամբ և այլն: Եվ հիմա, երբ արտաքին որոշ կենտրոնների դուր գալու նպատակով Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը, սատելիտները անցել են ֆաշիզմի արդարացման և Հայրենական պատերազմում հայ ժողովրդի ներդրման նսեմացման գործին, կարող են կորցնել իրենց հիմնական այս էլեկտորատի քվեները:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, Արևմուտքի հավանությանը արժանանալու համար դիմում է հերթական չմտածված քայլին, որն իրեն այս պահի դրությամբ ոչինչ չի տալու, սակայն երկարաժամկետ կտրվածքով, էլեկտորալ առումով կարող է լուրջ կորուստներ ունենալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































