Մանեկեն էլ են գցել գետը, այլ միջոցներ են կիրառվել․ նոր մանրամասներ փոքրիկ Տիգրանի որոնումներից
SOCIETY
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրողի համար ամենացավալի տողերից մեկն ենք գրում՝ 2-ամյա Տիգրանին դեռ չեն գտել, փոքրիկի հետքը չկա ո՛չ գետում, ո՛չ հարակից տարածքներում։ ՆԳՆ–ից հայտնում են՝ երեխային դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 860 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ»,– MediaHub–ին ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։
MediaHub–ը հետաքրքրվեց ՆԳ նախարարի խոսնակից, թե արդյո՞ք նոր մեթոդներ չեն պատրաստվում կիրառել երեխային գտնելու համար, ինչին ի պատասխան Սարգսյանը նշեց, որ, օրինակ, մանեկեն են գցել գետը․ «Այդպիսի փորձարկումներ էլ են եղել»։
Ըստ Սարգսյանի՝ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դռոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։
MediaHub–ն առաջին իսկ օրվանից ուշադրության կենտրոնում է պահել այս առեղծվածային դեպքը, օրեր շարունակ ուղիղ եթերով լուսաբանել Մարմարիկ գյուղից փրկարարական ու որոնողական աշխատանքները, բայց ոչ մի նորություն դեռ չկա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































