NBC News. Նաթանյահուն զայրացած է Թրամփի մերձավորարևելյան քաղաքականության պատճառով, բայց չի կարողանում դիմակայել նրան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միջև հարաբերությունները լարվել են, քանի որ երկու երկրների ղեկավարները գնալով ավելի են տարակարծիք դառնում Գազայի հատվածի և Իրանի հետ կապված հարցերի լուծման ռազմավարության շուրջ, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով մերձավորարևելյան երկու դիվանագետների և լարվածության մասին տեղյակ երկու այլ անձանց։
«Այնտեղ, որտեղ Նաթանյահուն տեսնում է Իրանի միջուկային օբյեկտները վերջնականապես ոչնչացնելու հնարավորություն, Թրամփը տեսնում է գործարքի կնքման միջոցով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու սպառնալիքը վերացնելու հնարավորություն։ Մինչ Իսրայելը նոր ռազմական հարձակում է իրականացնում Գազայի վրա, Թրամփը պնդում է հրադադարի հաստատումը և ձգտում է իրականացնել իր հետպատերազմյան ծրագիրը՝ այդ տարածքը «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» դարձնելու ուղղությամբ»,- գրում են հոդվածի հեղինակները։
Մերձավորարևելյան դիվանագետների և Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի վկայությամբ, ԱՄՆ-ն ներկայումս դրդում է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին Գազայում հրադադարի մասին համաձայնության։ Սակայն Իրանի նկատմամբ Թրամփի մոտեցումը Նաթանյահուի համար վեճի ամենամեծ առարկան է դարձել։
Իսրայելի ղեկավարը մի քանի շաբաթ շարունակ հիասթափություն է հայտնել Թրամփի՝ Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելուն աջակցելուց հրաժարվելու և դրա փոխարեն Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելուն խոչընդոտելուն ուղղված համաձայնության հասնելու փորձ կատարելու որոշման կապակցությամբ, հայտնել են աղբյուրները։
Ըստ աղբյուրների, անցյալ շաբաթ Նաթանյահուն ապշել և զայրացել է Թրամփի այն հայտարարությունից, թե ԱՄՆ-ն դադարեցնում է իր ռազմական արշավը եմենցի հութիների դեմ՝ Կարմիր ծովում ամերիկյան նավերի գնդակոծումը դադարեցնելու նրանց համաձայնությունից հետո։
Մերձավորարևելյան երկու դիվանագետների հաղորդմամբ, երբ Նեթանյահուն անցյալ ամիս այցելել է Սպիտակ տուն՝ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո երկրորդ անգամ, նա հույս ուներ, որ նախագահը կխոստանա ԱՄՆ օդային աջակցություն Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի հնարավոր գործողությանը։ Դիվանագետների խոսքով, Իսրայելի ղեկավարը հանկարծակիի է բերվել, երբ նախագահը դրա փոխարեն հայտարարել է, որ կհամաձայնի Թեհրանի հետ ուղիղ բանակցությունների։
Թեև Իրանի հետ Թրամփի դիվանագիտությունը և հութիների հետ ԱՄՆ գործարքը «խիստ անընդունելի» են Նաթանյահուի համար, սակայն Իսրայելի վարչապետը Վաշինգտոնում կամ Իսրայելում քաղաքական լծակներ չունի Թրամփի հետ ուղիղ առճակատման գնալու համար, որը ժողովրդականություն է վայելում Իսրայելում Նաթանյահուի կողմնակիցների շրջանում, կարծում է Մերձավոր Արևելքում աշխատած փորձագետ Իլան Գոլդենբերգը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































