Փաշինյանը մտմտում է՝ ինչպե՞ս խուսափել Մոսկվա մեկնելուց
POLITICS
Հայաստանի գործող իշխանությունները դեռևս հստակ և վերջնական պատասխան չեն տվել, արդյոք Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում էլ այս հարցում տարակարծություններ կան։ Մասնավորապես, մի մասը համարում է, որ Փաշինյանը պետք է մեկնի Մոսկվա, մասնակցի շքերթին, նաև փորձի փոքր-ինչ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի իշխանությունների հետ։ Ավելի արմատական տրամադրված թևը, որում հիմնականում այսպես կոչված «սորոսականներն» էին, արևմտյան կառույցների հետ սերտ կապեր ունեցողները պնդում են, որ Փաշինյանը պետք է ինչ-որ եղանակով հրաժարվի այնտեղ մեկնելուց։
Հիշեցնենք, Եվրամիությունն ավելի վաղ զգուշացրել էր բոլոր անդամ և անդամության թեկնածու երկրներին, որ խիստ են լինելու այն երկրների ղեկավարների նկատմամբ, ովքեր կհանդգնեն գնալ Մոսկվա և մասնակցել հաղթանակի շքերթին։ Ի սկզբանե Սլովակիայի և Հունգարիայի վարչապետներ Ֆիցոն և Օրբանը, կարծես, մարտահրավեր էին նետել Եվրամիությանը՝ հայտարարելով, թե մասնակցելու են։ Տեղեկություններ կային, որ մասնակցելու է նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, բայց վերջին օրերին եվրոպական մամուլում տեղեկություններ տարածեցին, որ թե՛ Օրբանը և թե՛ Ֆիցոն առողջական խնդիրներ ունեն, չեղարկել են մի քանի հանդիպումներ, ըստ ամենայնի չեն մեկնի նաև Մոսկվա։ ՌԴ մեկնելուց հրաժարվել է նաև Հնդկաստանի վարչապետը, այդ կերպ բավական «ծանր վիճակում» դնելով Նիկոլ Փաշինյանին, ով նախկինում կարող էր պատճառաբանել, թե իր հիմնական դաշնակից պետություններից մեկի ղեկավարը մասնակցում է, ինչպես և 2 եվրոպական երկրների ղեկավարներ։
Այժմ Եվրամիության ճնշումը զուտ տարածվում է հենց Փաշինյանի վրա։ Նրանք պարզապես զգուշացրել են, որ Մոսկվա մեկնելու դեպքում բազմաթիվ եվրոպական նախաձեռնություններ կսառեցվեն, իսկ այսպես կոչված «Եվրաքվեն» կնետեն դարակը, և այլևս չեն վերադառնա այդ հարցերին, Փաշինյանին էլ կվերաբերվեն որպես «իզգոյ»-ի։
Տեղական արևմտամետներն էլ Փաշինյանին հորդորում են հիշել քովիդի մասին կամ այլ տարբերակ ընտրել՝ հայտարարելով, թե առողջական խնդիրներ ունի, այդկերպ չմեկնելով Մոսկվա։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հենց այդպես էլ մտադիր է վարվել։
Անի Մուկուչյան




















































