Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
SOCIETY
ԱրարատԲանկի հովանավորությամբ հայ հանդիսատեսին աննախադեպ մշակութային իրադարձություն է սպասվում։
Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խումբը մայիսի 7-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված հատուկ համերգային ծրագրով:
Համերգների գործընկերն է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանությունը` ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էրիկ Դե Մույնքի։
ԱրարատԲանկի նախաձեռնությամբ` համերգին ուղղված գումարի մի մասը կտրամադրվի Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին՝ երեխաների կրթական պայմանները բարելավելու նպատակով:
ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը նշել է. «Մենք հավատում ենք, որ իսկական արվեստը սահմաններ չի ճանաչում և ունի մարդկանց միավորելու զորություն: Hooverphonic բելգիական խմբի և մեր պատմական նվագախմբի այս հանդիպումը ոչ միայն բացառիկ մշակութային իրադարձություն է, այլև գեղեցիկ օրինակ, թե ինչպես կարող է երաժշտությունը կամուրջներ կառուցել տարբեր մշակույթների, սերունդների և երաժշտական ուղղությունների միջև: Հատկապես ուրախ ենք, որ այս համերգի միջոցով կկարողանանք աջակցել լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ հնարավորություն տալով նրանց զգալու երաժշտության կախարդանքը»:
Սա ևս մեկ ապացույց է, որ բանկը հավատարիմ է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ միավորելով բարձրարժեք արվեստի հանրայնացումը և սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանի փոխանցմամբ՝ ներկայումս հիմնանորոգված համերգասրահի շենքային պայմանները թույլ են տալիս պատվով հյուրընկալել հռչակավոր երաժիշտների և երաժշտախմբերի. «Առաջիկայում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դասական-ակադեմիական համերգներից բացի, ծրագրում ենք ավելացնել crossover ժանրի բարձրորակ համերգների քանակը: Պլանավորվում է համերգասրահի լուրջ տեխնիկական վերազինում, ինչը կհեշտացնի նմանատիպ համերգների կազմակերպումը: Ամեն ջանք ներդրվում է, որպեսզի լիարժեքորեն օգտագործվեն ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի բոլոր հնարավորությունները, ինչը կնպաստի մեր լսարանի ընդլայնմանը: Շատ եմ կարևորում ԱրարատԲանկի և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությունը: Այս համերգի շրջանակում միավորել ենք մեր ջանքերը՝ ի նպաստ լսողության խնդիրներ ունեցող երեխաների աջակցության: Գնահատելի է, որ լինելով ֆինանսական կառույց, նրանք արժևորում են մշակույթը և վերջինիս դրական ներգործության ուժը ու ջանում են արվեստի միջոցով իրագործել սոցիալական ծրագրեր»:




















































