Կառավարությունը դեմ է ֆիլմերը բոլոր ՀԸ-ներով բացառապես հայերեն ցուցադրելու առաջարկին
POLITICSՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրանով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները հանրապետության տարածքո ւմ եթերով հեռարձակվող կինոֆիլմերը պարտավոր են ցուցադրել պետական լեզվով` հայերեն: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական լեզվի` հայերենի պահպանմամբ և զարգացմամբ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության նիստում նշեց, որ նախագծի ընդունման պարագայում գործող հեռուստաընկերությունների վրա կդրվի լրացուցիչ ֆինանսական բեռ, քանի որ թարգմանությունը կարող է իրականացվել կամ սեփական միջոցների, կամ տվյալ կինոֆիլմն արդեն իսկ թարգմանած հեռուստաալիքից գնելու միջոցով: Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, օրինագծի ընդունման դեպքում կխախտվեն նաև ազգային փոքրամասնությունների իրավունքները:



