Ծառուկյանին «բամփելու» վերջը դեռ չի երեւում
POLITICS«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանի հավաստիացումներին եւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում անցկացվող ստուգումների ավարտի վերաբերյալ նշված ժամկետներին, այդ ստուգումների վերջը չի երեւում:
«Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումները դեռ շարունակվում են»,- երեկ «ՀԺ»-ի թղթակցին պաշտոնապես ասել են ֆինանսների նախարարությունից: Ընդ որում, սույն պատասխանը ստանալու համար մեր թղթակիցը սպասել է 2 օր, ու թվում էր, թե ֆիննախը փետրվարի 13-ից սկսած այդ ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն է այս ընթացքում պատրաստում: Այնինչ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ին ԱԺ նիստում հնչեցրած հարցի, ասել էր, թե մինչեւ մայիսի վերջ, հունիսի 5-ը այդ ստուգումների վերջնական արդյունքների տեղեկանքը կներկայացվի:
Փաշինյանը խոստացել էր գրավոր հարց ուղղել կառավարություն, որպեսզի վարչապետն ԱԺ-ում հաջորդ անգամ պատասխանի հարցին: Արդեն հունիսի 10-ին կրկին հիշեցնելով Ծառուկյանի հասցեին վարչապետի արած հայտնի արտահայտությունը բամփելու մասին, Փաշինյանը նույն հարցն ուղղեց Աբրահամյանին: Վերջինս հայտարարեց, որ ծավալուն աշխատանք է, դեռ մի քանի օր կձգվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



