2 զոհ, 1 վիրավոր, հրդեհված 5-6 մեքենա եւ անասնագոմ. արագածավանցիները զարմացած են դեպքերից
SOCIETYNews.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում բոլորը զարմացած են այս գիշեր տեղի ունեցած դեպքերից. ոչ մեկի համար դեռեւս հասկանալի չէ, թե ինչու սպանվեցին իրենց 2 համագյուղացիները, 1-ը վիրավորվեց, 5-6 մեքենա եւ 1 անասնագոմ այրվեց:
«Սպանված Արտյոմ Խամոյանը եւ վիրավորված Արման Խամոյանը եղբայրներ են, սակայն որեւէ կապ չունեն մյուս սպանվածի՝ Վարդգես Գալստյանի, ինչպես նաեւ սպանության մեջ կասկածվողի Սեդրակ Ղ.-ի հետ: Հրդեհված մեքենաների ու անասնագոմի տերերն էլ որէւ կապ չունեն ոչ մեկի հետ: Չգիտենք՝ ինչ կատարվեց այդ երկու ժամում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը:
Գյուղապետի խոսքով՝ այս պահին գյուղում հանգիստ է, ինքն առավոտից շրջում է փողոցներով:
Նշենք, որ սպանվածները զբաղվում էին անասնապահությամբ:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ փետրվարի 3-ին ժամը 23.45-ին հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Արտյոմ Խամոյանի դիակը եւ 32-ամյա Արման Խ.-ն՝ հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 35-ամյա Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետեւանքով Արտյոմ Խամոյանը եւ 49-ամյա Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:
Փետրվարի 4-ին, ժամը 01.00-ին, Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Զենքն առգրավված է:



