Սա վկայում է մեր հանդեպ մրցավարների թշնամական վերաբերմունքի մասին․ «Ռեալը» հայտարարություն է տարածել
SPORT
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռեալ Մադրիդը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որում «անընդունելի» է անվանել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի (ապրիլի 26) համար նշանակված մրցավարների կողմից ակումբի հեռուստատեսության հասցեին արված քննադատական հայտարարությունները։
««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբn անընդունելի է համարում Իսպանիայի Գավաթի եզրափակչի համար նշանակված մրցավարների կողմից այսօր հնչեցված հրապարակային հայտարարությունները։ Եզրափակիչը տեղի է ունենալու վաղը՝ 2025 թ. ապրիլի 26-ին։ Այս բողոքները, որոնք անսպասելիորեն ուշադրություն են հրավիրել Real Madrid TV-ի տեսանյութերին (որոնք պաշտպանված են խոսքի ազատության իրավունքով), միտումնավոր հրապարակվել են եզրափակչի մասնակիցներից մեկի դեմ՝ խաղից ընդամենը 24 ժամ առաջ։ Դրանք կրկին վկայում են մեր ակումբի հանդեպ այս մրցավարների ակնհայտ թշնամական վերաբերմունքի մասին։
Ավելի զարմանալի են սպառնալիքներով լեցուն և մրցավարների «միասնությանը» վերաբերվող ակնարկներով հայտարարությունները։ Դրանք օգտագործվել են իբրև ազդարարում այնպիսի ենթադրյալ միջոցառումների կամ գործողությունների մասին, որոնք հեռու են արդարության, օբյեկտիվության և անկողմնակալության սկզբունքներից։ Իսկ այդ սկզբունքները պետք է գերակշռեն մի քանի ժամից կայանալիք ֆուտբոլային իրադարձության նախաշեմին, որին հետևելու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից։
Հաշվի առնելով տեղի ունեցածի լրջությունը՝ «Ռեալը» ակնկալում է, որ Իսպանիայի Թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) և մրցավարական հանձնաժողովի պատասխանատուները պատշաճ կերպով կարձագանքեն և համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ պաշտպանելու իրենց ներկայացրած ինստիտուտների հեղինակությունը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Ռեալի» հեռուստատեսության քննադատությանը ի պատասխան՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ եզրափակչի գլխավոր մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան չի կարողացել զսպել արցունքները։ VAR համակարգում գործող մրցավար Գոնսալես Ֆուերտեսը հայտարարել է «Ռեալի» տեսանյութերի պատճառով լուրջ հետևանքների մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































