Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


«Թող աշխարհն իմանա՝ սպասում եմ իմ Արտակին, չեմ հավատում, որ նա զոհվել է». լեյտենանտ Արտակ Ղազարյանի մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ դժվարությամբ լույս աշխարհ եկավ Արտակս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Արտակի մայրիկը: Վերհիշում է որդու մանկությունը. «Շատ չարաճճի էր: Ամենուր էր, կարող էիր մեկ էլ տանիքին տեսնել: Շատ ակտիվ էր»: Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին շատ գեղեցիկ էր ասմունքում. «Սիրում էր Սևակին, Շիրազին: Գրականության հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Պատմությունն արտակարգ գիտեր: Սահմանին ենք ապրում՝ Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում: Մեր տունը գտնվում է դիրքերի տակ, ուղիղ գծով 500 մետրից մեկ կիլոմետր չկա մեր ու ադրբեջանցիների արանքում: Պատահական չէր իր ակնածանքը, վերաբերմունքը զինվորական գործի հանդեպ»: Դպրոցական տարիներին Արտակը հաճախել է թեքվանդոյի խմբակ։ Մասնակցել է տարածաշրջանային ու հանրապետական մի շարք մրցումների, մի քանի անգամ արժանացել առաջին և երկրորդ մրցանակների, նաև՝ սև գոտու:

Դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո Արտակն անվճար ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինություն-հողային կադաստր» բաժինը: Ուսումնառության տարիներին արժանացել է «Լավագույն ուսանող», «Ակտիվ ուսանող», «Լավագույն գիտական հոդվածի հեղինակ» մրցանակների, 2019 թվականին՝ համալսարանի «Ոսկե հասկ» բարձրագույն մրցանակին: Հեղինակել է մոտ մեկ տասնյակ հոդված: Շուրջ 3 տարի զբաղեցրել է ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնը: Համալսարանն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Զուգահեռ ընդունվել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որը նույնպես ավարտելով գերազանց առաջադիմությամբ՝ լեյտենանտի կոչումով ծառայության է անցել «Մարտունի-3»-ում՝ որպես դասակի հրամանատար։

Նախքան պատերազմի մասին զրուցելը, տիկին Հասմիկը պատմում է Արտակի երազանքների մասին. «Նա պլանավորել էր իր իննսուն տարվա կյանքը: Ասում էր՝ ամուսնանալու եմ, երկու երեխա ունենամ: Մեծ այգի ունենք, իր հայրիկի հետ այն կարգի բերեց, խաղողի այգի հիմնեցին: Երևանից շատ ենք հեռու ապրում, ով գալիս է մեզ մոտ, զարմանում է, որ այստեղ այգի կա: Ջրի խնդիր ունենք, սահմանին մոտ է: Բայց Արտակը գործի մարդ էր և հիմնեց այդ այգին: Ուզում էր ամեն ինչ ունենալ, ունենալ և բոլորին տալ: Հյուրասեր էր, սիրում էր մարդկանց հետ սեղան նստել: Իր դասընկերներն իրեն կոչում էին «մեր մեծ թամադան»: Պետք է ասմունքեր, միջոցառումը վարեր: 24 ժամ հոգնել չուներ: Իր ուսանողական ընկերներն են պատմում՝ պետք է 90 րոպե դաս անեին կամ ժողով, Արտակը մեկ վայրկյան չէր նստում, անընդհատ պետք է քայլեր, խոսեր, իր մտքերն ասեր: Մեր գինիները համտեսի էր տարել համալսարան: Խաղողի եզակի տիպեր ունենք, դրանք շատ տեղերում գրեթե վերացել են, իսկ Արտակը հայրիկի հետ այդ տիպերը շատացրեց, այգիներ հիմնեցին: Արտակը մեծ ծրագիր էր գրել ու համալսարանում համտեսի ժամանակ այն օտարերկրացիներին ներկայացրել: Պայմանավորվել էր մեծ ծրագրի իրականացման մասին: Գինետուն էր ուզում սարքել, համտեսի առանձին սենյակ և այլն: Սովորելու ընթացքում կադաստրային գրասենյակում կես դրույքով աշխատում էր: Իր դասախոսն էր նրան տեղավորել աշխատանքի՝ Արտակի գիտելիքներն ու աշխատասիրությունը նկատելով: Երբ իրեն առաջարկեցի Երևան տեղափոխվել, բնակարան գնել, ասաց. «Երևանում չեմ կարող ապրել, շունչս կտրվում է, իմ պապական օջախից ոչ մի տեղ չեմ գնա: Որ մենք սահմանը չպահենք, ո՞վ պետք է մեր տունը պահի»»:

Պատերազմի մասին: «2020 թ. ամռանը մեկնեց Արցախ, որոշ ժամանակ հետո իրեն ուղարկեցին Հայաստան վերապատրաստման: Այստեղ պետք է մնար մինչև հոկտեմբերի 5-ը, հետո կրկին վերադառնար Արցախ: Բայց սկսվեց պատերազմը, զանգեց ու ասաց, որ Արցախի ճանապարհին է: Խնդրեցի իրեն չգնալ, բայց ինձ չլսեց. «Զորքիս թողել եմ առանց սպայի: Իրենց սպան զորացրվել է, երեխեքիս ո՞նց թողնեմ մենակ»: Իր տեսակով էր այդպիսին: Ու նաև հավելեց՝ մա՛մ, ես վախ չունեմ, կրակոցների տակ եմ մեծացել, ինձ բան չի լինի»:

Արտակը 14 օր եղել է կռվի մեջ: «Մարտունի-3» զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողները հայտնվել էին թշնամու ծուղակում: Սա շատ հայտնի պատմություն է, որի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է դատավարություն, որը գուցե կտա ծնողների բազմաթիվ հարցերի պատասխանները: Տիկին Հասմիկը վերհիշում է պատերազմի օրերը. «Արտակս ամեն օր զանգել է տուն, առավոտյան ժամը 7-ին զանգում էր, ասում՝ ես լավ եմ, կենդանի եմ: Եվ անջատում էր: Երբ ուզում էի մի բան հարցնել, ամուսինս թույլ չէր տալիս՝ ԱԹՍ-ները պտտվում են: Հոկտեմբերի 10-ին իմ ծննդյան օրն էր՝ 45-ամյակս: Երեխես զանգեց պատերազմի դաշտից. «Մա՛մ ջան, ծնունդդ շնորհավոր, իմ ջոկատն էլ է շնորհավորում: Մա՛մ, նահանջում ենք, ապահով է, հանգիստ կարող ենք խոսել»: Որևէ այլ բան չասաց, թե ուր են գնում կամ այլ մանրամասներ: 14 օրվա մեջ առաջին անգամ իմ տղայի հետ լիարժեք խոսեցի: Հարցրեցի՝ Արտա՛կ ջան, ի՞նչ կա: «Մա՛մ ջան, մինչև Աղդամի գլուխ գնացինք»: Անգամ թշնամու դիրքեր են գրավել, բայց հետո նահանջի հրաման ստացել, գրագետ կռիվ է վարել այդ վաշտը: Հարցրեց՝ մեզ մոտ կրակոցներ կա՞ն: 44 օրվա մեջ մեզ մոտ կրակոցներ չեն հնչել, իրեն ասացի, որ հանգիստ է, կրակոցներ չկան, ասաց՝ լավ է: Զրուցեցինք ու հրաժեշտ տվեցինք իրար: Երեկոյան աղջիկս զանգեց, ասաց, որ չի խոսել եղբոր հետ ու անհանգիստ է, իսկ հեռախոսն էլ անընդհատ զբաղված է, երբ ինքն է զանգահարում: Մտածեցինք՝ գուցե ինձ է զանգահարում, ամբողջ գիշեր սպասեցի, բայց այդպես էլ Արտակից զանգ չստացա: Արտակս չէր զանգում, ամուսինս էլ թույլ չէր տալիս, որ ես զանգահարեի՝ հանկարծ մեր զանգով իրեն չվնասենք: Եղբայրս էր տեղեկություններ փնտրում, իմացավ, որ տղաներին տարել են Հադրութ, և նրանք շրջափակման մեջ են»:

Իսկ հետո արդեն տեղեկությունների տեղատարափն է սկսվում. տղաները շրջափակման մեջ են, որոշ ժամանակ հետո ասում են, թե ոմանք կարողացել են շրջափակումից դուրս գալ, հետո ծնողներին հանգստացնում են, որ երեխաները անտառներում են, կգան: «Ով ինչ ուզում, հորինում էր այդ օրերին և մեզ հանգստացնում: Բայց իրեն ամեն տեղ էինք փնտրում»: Փնտրելու օրերին տիկին Հասմիկը նաև արյուն է հանձնում՝ վստահ լինելով, որ իր որդուն որևէ բան չի կարող պատահել, բայց ապահովության համար թող լինի: «2021 թ. հունվարի 15-ին քննիչը զանգեց ու ասաց՝ մայրիկի ԴՆԹ-ի հետ մի փոքր համընկնում ունենք: Այդտեղ էլ բազմաթիվ հանելուկներ կան ինձ համար մինչև հիմա: ԴՆԹ-ն այդ ժամանակ նորմալ չէր կատարվում: Ամուսինս էլ արյուն հանձնեց: Փետրվարի 3-ին քննիչը զանգեց՝ համընկնում կա: Դրոշակով փաթաթված մասունքներ բերեցին: Գիշերն ուզում էի բացել ու տեսնել, թե ներսում ինչ կա: Եղբայրս ասաց, որ երկու կտոր մասունք է:

Չեմ հավատում, որ իմ Արտակը զոհվել է: Ոմանք ասում են՝ չես տեսել, դրա համար չես հավատում: Բայց այլ պատճառներ ունեմ: Նախ՝ սկզբից շատ զանգեր էի ստանում: Պատերազմից հետո բոլոր հնարավոր համարներին զանգահարում էի, իր հեռախոսահամարին՝ ևս: Մի անգամ զանգիս պատասխանեց: Արտակս կարծես սարը բարձրանալիս լիներ, երեք անգամ «ալո» ասաց: Որքան ասացի՝ Արտակ ջան…, նա կարծես ինձ չլսեր: Հարևաններս կողքիս էին, իրենք էլ լսեցին այդ ձայնը, թե չէ մարդիկ կմտածեին, թե խելագարվել եմ, չէին հավատա: Դիմեցի ազգային անվտանգության ծառայությանը, խնդրեցի հեռախոսահամարով որոշել տարածքը, իսկ ինձ պատասխանեցին՝ այսօր արդեն 360 անգամ զանգել եք, տիկին, այլևս չզանգեք այս համարին: Ես էլ զանգեր չստացա: Տղաս երեք-չորս անգամ հայտնվեց երազիս, ասաց՝ աջ ոտքս վիրավորվել է: Պատասխանել եմ իրեն՝ կապիր ոտքդ, մինչև հասնես ինձ, ես կբուժեմ: Ինձ դրական պատասխան տվեց: Հիմա երազներ չեմ տեսնում, հինգ տարի է՝ չեմ քնում: Մի անգամ երազումս ասաց. «Մա՛մ, ով ինչ ուզում է ասի, կենդանի եմ, դուք ինձ սպասեք»:

Ամեն տարի հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո գերեզմաններ եմ գնում: Տղաներին այդ ժամանակ են տարել ու կրակի մեջ գցել: Ես մասունքները հուղարկավորել եմ գյուղի գերեզմանատանը, շուրջբոլորը կարգի բերել, բայց տապանաքար չենք տեղադրել: Ո՞ւմ եմ հուղարկավորել, չգիտեմ: Ով ուզում է լինի, իմ զինվորն է, իրեն ամեն անգամ ծաղիկներ եմ տանում: Բայց չեմ ընդունում, որ այնտեղ իմ Արտակն է: Սպասում եմ իրեն: Թող աշխարհն իմանա, որ ես իմ Արտակին սպասում եմ»:

Հ. Գ. - Լեյտենանտ Արտակ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education