Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։
«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից ապրիլի 5-ը։ Աշակերտներն աշխատել են դրամատիկ, մնջախաղի և մյուզիքլի խմբերով՝ ղեկավարների և դասախոսների հետ միասին։ Դրամատիկ խմբերը ղեկավարել են Արմեն Մարությանը, Արթուր Կարապետյանը, Արմեն Քուշկյանը, դասախոսներ՝ Լուսինե Կոստանյան, Ռուզաննա Հախնազարյան, Արաքսյա Մելիքյան։ Մյուզիքլի խումբը ղեկավարել է Գևորգ Դավթյանը, դասախոս՝ Արինա Արարատյան, իսկ մնջախաղի խմբի ղեկավարը Հայկ Իսրաելյանն էր, դասախոսը՝ Նարինե Իսրաելյանը:
Ծրագրի ընթացքում ստեղծված ներկայացումները ցուցադրվել են Մայր թատրոնի մեծ բեմում՝ հանդիսատեսով լեցուն դահլիճներում։
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է մասնակիցներին և հանձնել ծրագրի մասնակցության հավաստագրեր: Մասնակիցները ստացել են նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեկ տարվա անվճար մուտքի անցագրեր։
Նշենք, որ 2019 թվականից անցկացվող «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը, նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովելու մշակութային փորձառության, գիտելիքի և հմտությունների զարգացման շարունակականությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































