Ժնեւում միջսիրիական բանակցություններն առայժմ մնում են նախապատրաստական փուլում
POLITICSԺնեւի միջսիրիական բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին լրագրողներին հայտարարել է, որ փաստորեն բանակցությունները դեռուս չեն սկսվել, դրանք նախապատրաստական փուլում են, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան, որը որպես միջնորդ է հանդես գալիս սիրիական պատվիրակությունների միջեւ, պաշտոնապես հայտարարել էր բանակցությունների սկսվելու մասին:
Հատուկ պատվիրակի հայտարարությունը գնահատելով որպես «անձնական մեկնաբանություն», Ջաֆարին ասել է. «Առայժմ պայմաններ չեն ստեղծվել, մենք նախապատրաստական փուլում ենք, որը նախորդում է բանակցությունների սկսվելուն»:
Նրա խոսքով՝ դեռուս ներկայացված չէ նույնիսկ պատվիրակության այն անդամների ցուցակը, որոնք մտնում են Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի մեջ, որն ընդդիմության կողմից ստեղծվել է Էր Ռիադում:
Կոմիտեն իր հերթին տարածել է հայտարարություն, որում նույնպես նշվել է, որ բանակցությունների պաշտոնական մասը դեռեւս չի մեկնարկել:
Ընդդիմությունը պահանջում է նախ իրականացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի դրույթները, որով հակամարտության մասնակիցներից պահանջվում է ապահովել հումանիտար օգնությունը մարտական գործողություններով շրջափակված Սիրիայի բնակավայրերում, դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակչության վրա եւ ազատել կալանավորված կանանց ու երեխաներին:
Փետրվարի 2-ին ընդդիմադիր պատվիրակությունը հրաժարվել է դե Միստուրայի հետ պլանավորված հանդիպումից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը`AFP



