Դպրոցի տանիքից սառույցն ընկել է երեխային տուն տանելու եկած ծնողի գլխին
SOCIETYArmtimes.com-ը գրում է.
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցի մոտ արտակարգ դեպք է տեղի ունեցել. դպրոցի շենքի տանիքից սառույցի բավական մեծ կտոր ընկել է ծնողներից մեկի` Արուսյակ Մանավազյանի գլխին, որը դպրոց էր գնացել երեխային տուն տանելու: Անմիջապես հիվանդանոց հասցված կնոջը հետազոտելուց հետո բժիշկներն ասել են, որ առողջությանը սպառնացող լուրջ վտանգ, բարեբախտաբար, չկա:
Երեւանի քաղաքապետարանից երեկ հետաքրքրվեցինք, թե ում պարտավորությունների մեջ է մտնում դպրոցի տանիքը ձյան շերտից ու սառցե լեզվակներից մաքրելու գործը: Երջանիկ պատահականությամբ երեխաներն առայժմ խուսափել են սառույցի թիրախում հայտնվելուց, բայց այդ վտանգը շարունակում է կախված մնալ նրանց գլխին:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ այդ աշխատանքները պետք է իրականացնի դպրոցի տեխնիկական անձնակազմը: Իսկ եթե անհրաժեշտություն լինի մեքենա-մեխանիզմի, օրինակ՝ վերամբարձ կռունկի, ապա քաղաքապետարանը պատրաստ է աջակցել:
Հարցին, թե քանի որ դպրոցը չի կատարել իր պարտավորությունները` վտանգելով մարդկանց կյանքը, քաղաքապետարանն ինչ-որ քայլեր կձեռնարկի՞: Ի պատասխան` մեզ առաջարկեցին հարցն ուղարկել գրավոր` հանրակրթության վարչություն փոխանցելու համար:



