Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շիրազս մեր տան մինուճարն էր, քույր կամ եղբայր չունի: Շատ խելացի, խելոք երեխա էր: Մանկապարտեզ չի գնացել, որովհետև միակն էր, բոլորս իրեն սիրում, տիկնիկի պես պահում էինք: Մինչև դպրոց գնալը Շիրազս բոլոր տառերը գիտեր, կարդում էր, հաշվում: Տատիկն արտասանել էր սովորեցնում: Սպորտի է հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Շիրազի մայրիկը:

Հաճախել է Գյումրու թիվ 15 դպրոցը: «Սիրում էր շփվել երեխաների հետ: Առաջին սեպտեմբերի 1-ին դասարանում հարցրեցին, թե ովքեր կարող են գրել: Շիրազը մոտեցավ գրատախտակին, շատ սիրուն ձեռագրով գրեց իր անուն, ազգանուն, հայրանունը, դասվարը և ուսմասվարը զարմացան: Իսկ հետո արտասանեց «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը, այնուհետև՝ «Ես իմ անուշ Հայաստանին»: Լավ սովորում էր, բոլոր առարկաներն իր համար սիրելի էին: Իններորդ դասարանը հարվածային ավարտեց»:

Տիկին Անահիտը հիշեցնում է՝ Գյումրին մարզաձևերով հարուստ քաղաք է: «Տարբեր մարզաձևերի է հաճախել, բայց ինչ-որ պահի վազքը դարձավ իր նախընտրելի սպորտը: Մրցումների է մասնակցել, բարձր հորիզոնականներ գրավել»: Դպրոցից հետո Շիրազը կրթությունը շարունակել է Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում: «Շատ աշխույժ էր, արագաշարժ, գիտակ, հումորով»:

Դեռ փոքրուց Շիրազը սեր է ունեցել զինվորական գործի նկատմամբ: Հայրիկի մասնակցությունն Արցախյան առաջին ազատամարտին, վստահաբար, ևս ազդեցություն է ունեցել Շիրազի երազանքի կայացման գործում: Բայց մայրիկը նաև մեկ դրվագ է հիշում՝ մեկ շաբաթը Լոռվա անտառներում հաստատակամ է դարձրել Շիրազին իր որոշման մեջ: «Գյումրիում ՀՅԴ-ն կառույց ուներ, երեխաները զինվորական գործի հմտություններին էին ծանոթանում, արշավների գնում: Շիրազս ևս մասնակցեց դրանց: Մեկ շաբաթով մնալով Լոռվա անտառներում և վերադառնալով՝ որոշեց, որ պետք է զինվորական դառնա»:

Մայրիկի համար որդու այս որոշումն այնքան էլ ընդունելի չէր: «Մեզ մոտ՝ Գյումրիում, Պետական տնտեսագիտական համալսարանի քոլեջն է գործում: Ես ուզում էի այնտեղ ընդունվեր, Շիրազն ասաց՝ չեմ գնա: Այդ ժամանակ էր, որ գնացինք «Տիգրան Մեծ» վարժարան: Անկեղծ պիտի լինեմ՝ խնդրել էինք, որ իրեն պայմաններն ավելի բարդ ներկայացնեն, որ իր որոշումը փոխի: Հրամանատարությունից մոտեցան, աչքի անցկացրեցին իր թղթերը, գովասանագրերը, ատեստատը, ասացին՝ սա քո տեղը չէ: Բայց Շիրազս համառեց՝ սա եմ ուզում: Իրեն հակադարձեցին՝ կարող ենք շրջափակման մեջ ընկնել, անգամ օձ, գորտ ուտելու անհրաժեշտություն լինի, մտածիր այդ մասին: Շիրազս կրկին արձագանքեց՝ մտածելու ոչինչ չունեմ, եթե դուք ուտեք, ես էլ կուտեմ: Ընդ որում՝ շատ քիչ բաներ էր ուտում, զզվող էր, կարծում էի, որ չի դիմանա: Բացի դա, այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր, կարծում էի, որ կփոխի իր որոշումը, բայց զուր: Քննությունների ժամանակ էլ ցանկանում էի, որ կտրվի, բայց կյանքի կոչեց իր երազանքը»:

Ռազմամարզական վարժարանից հետո Շիրազն ուսումը շարունակում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2017 թվականին պարգևատրվում է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: Մեդալներ, պատվոգրեր է ստացել սովորելու տարիներին: 2020 թվականին, առանց վիճակահանությանը մասնակցելու, լեյտենանտ Շիրազ Սանասարյանն ընտրել է Արցախը՝ որպես իր ծառայության վայր: Ծառայել է Մատաղիսի շրջանում՝ Թալիշում:

«Օգոստոսի 23-ին Շիրազս ճանապարհվեց Թալիշ, հինգ օր անց՝ ես ու ամուսինս: Տուն վարձեցինք, այնտեղ էինք ապրում: Շիրազս գնում էր աշխատանքի, վերադառնում տուն: Շատ երջանիկ օրեր էին, երեքս միասին էինք: Սեպտեմբերի 25-ին Շիրազս իջել էր դիրքերից: Չէր սիրում խոսել զինվորական կյանքից՝ մա՛մ, մի խոսեք դրա մասին: Սեպտեմբերի 26-ին ուշ ժամի պառկեցինք քնելու: Գիշերը մեկն անց կես էր, ինչ-որ մեկը «Շիրազ» կանչեց: Դուրս եկա, մի տղա էր: Շիրազին արթնացրեցի, տանից դուրս եկավ, չգիտեմ, թե ինչ խոսեցին, վերադարձավ, ժպիտը դեմքին՝ մա՛մ ջան, պայուսակիս մեջ այս ու այն բանը դիր: Վերցրեց հեռախոսը, լիցքավորիչը: Երբ հարցրեցի, թե ուր է գնում, ասաց, որ իր տղերքի մոտ, մինչև ժամը 12-ը կվերադառնա: Ամուսինս էլ արթնացավ, հայրիկին էլ հանգստացրեց, թե առավոտյան կգա: Լուսադեմին սկսվեց ռմբակոծությունը: Պատերազմ էր: Աչքիս առաջ ամբողջ Թալիշը սևացավ: Աջ էի վազում, գոռում՝ Շիրազս, ձախ էի վազում, գոռում՝ Շիրազս: Մեր տան հետևի մասում էին Շիրազիս դիրքերը: Մեր դռան մոտով սկսեցին մեքենաներ գնալ, երբ Շիրազս գնում-գալիս էր, մեր տան մոտ հասնելիս ազդանշան էր տալիս: Վազում էի, որ Շիրազիս մոտ գնայի, ամուսինս ու մեր հարևանը թույլ չտվեցին: Շիրազս գնաց ու գնաց»:

Այլևս որևէ տեղեկություն ծնողները Շիրազից չեն ունեցել: «Զանգում էինք, բայց որևէ պատասխան չկար: Հոկտեմբերի 6-ին Շիրազիս անունը գրվեց զոհվածների ցուցակում: Մեզ Թալիշից տեղափոխել էին Ստեփանակերտ: Մեկ շաբաթ մնացինք այնտեղ: Ամուսնուս հենց առաջին օրն ասացին՝ ՄատաղիսԹալիշը չկա»:

Թե ինչպես ու երբ է զոհվել Շիրազը, մինչ օրս անհայտ է: Տիկին Անահիտն ասում է՝ կոնկրետ որևէ բան չգիտի, իսկ տարբեր զրույցներին ինքն ուղղակի չի հավատում: «Այնքան շատ բաներ են պատմում: Գիտեմ, որ Շիրազս շատ բան արած կլինի ռազմական գործողությունների ժամանակ, ճարպիկ էր, ուժեղ, բայց ինչպես ասում են, երբ քո աչքով չես տեսել ու վստահ էլ չես այդ պատմությունների հարցում, չես կարողանում վերապատմել դրանք: Մեկն ասում է, որ հենց առաջին օրը Շիրազս դեմքի շրջանում վիրավորում է ստացել, տղաներին ասել է, որ չնահանջեն, շուտով օգնությունը կհասնի: Բայց դա ինձ իմ Շիրազը չի պատմել, արդյոք դա ճի՞շտ է: Ասում են՝ օգնության է հասել մե՛կ մի զինվորին, մե՛կ՝ մյուսին, զոհված տղաների զենքերից է կրակ ապահովել: Արդյոք այդպե՞ս է, թե՞ ոչ, չգիտեմ: Մեզ նաև ասացին, որ հոկտեմբերի 4-ին իրեն տեսել են Մատաղիս-Թալիշի կողմերում, բայց դրան չենք հավատացել, քանի որ հստակ ասվում է, որ պատերազմի հենց առաջին օրը Թալիշում ամեն ինչ վերջացել է»: Որպես Շիրազի զոհվելու օր նշվում է մի դեպքում սեպտեմբերի 27-ը՝ պատերազմի առաջին օրը, մյուս դեպքում՝ հոկտեմբերի 6-ը, երբ Շիրազի անունը հայտարարվել է հեռուստատեսությամբ:

Որդու փնտրտուքի օրերին՝ 2020 թ. նոյեմբերի 17-ին, մահանում է Շիրազի հայրիկը: «Շաքար ուներ, դեղերը չխմեց ժամանակին, պատերազմի մասնակից լինելով՝ գիտեր, թե ինչ է կատարվում: Իսկ նոյեմբերի 30-ին՝ երկու ամիս անց, Շիրազիս գտանք»:

Հիմա Շիրազի մասին հիշեցնում է նաև Գյումրու թիվ 15 դպրոցում նրա անվան դասասենյակը, Գետաշենի դպրոցի փառքի անկյունում տեղադրված նրա նկարը, պուրակներում նրա անունով տնկված եղևնիները:

Ապրելու ուժի մասին: «Ուժ տվողը Շիրազս է: Մենակ եմ, ամբողջ հոգսն ու դառնությունն իմ ուսերին է: Շնորհակալ եմ, իհարկե, իմ եղբայրներին ու քույրերին, ամուսնուս եղբորը, որ ամեն վայրկյան, հատկապես ծանրագույն օրերին, իմ կողքին են: Շիրազս սիրած աղջիկ ուներ, պետք է նշանվեր: Տղաս հոկտեմբերի 27-ին է ծնվել, որոշել էինք իր ծննդյան օրը մկրտեինք նրան և մատաղ անեինք, գառները պատվիրել էինք։ Այդ օրն առաջին անգամ պետք է նաև իր սիրած աղջկան տեսնեինք»: Բայց Շիրազի ու հազարավոր տղաների պատմություններն այլ ընթացք ունեցան:

Հ. Գ. - Լեյտենանտ Շիրազ Սանասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank