«Կինոմոսկվա»-ում կայացավ «Շախմատիստը» ֆիլմի վերջին մասի փակ դիտումը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կինոմոսկվա»-ում կայացավ «Շախմատիստը» գեղարվեստական ֆիլմի վերջին 2 սերիաների փակ ցուցադրությունը, որին ներկա էին դերասանները, ֆիլմի ստեղծագործական թիմն ու «Կինոդարան»-ի օգտատերերը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև Tert.am Life-ը:
Երեկոյից առանձնացրել ենք հետաքրքիր դրվագներն ու զրուցել դերասանների հետ:
Ֆիլմի ռեժիսորը Գոշ Հակոբյանն է, պրոդյուսերը՝ Ռաֆայել Թադևոսյանը: Ֆիլմի դերասանական կազմում ներգրավված են Խորենը Լևոնյան, Մարջան Ավետիսյան, Սամվել Թոփալյանը, Արամ Կարախանյանը, Սոնա Մաթևոսյանը, ինչպես նաև հոլիվուդյան մի շարք հայտնի ֆիլմերում նկարահանված, ամերիկաբնակ դերասան Արթուր Դարբինյանը:
Ֆիլմը պատմում է կոնդեցի մի հասարակ, միջին վիճակագրական երիտասարդի մասին, ում մոտ հայտնվում է մարդու ուղեղը զարգացնող հաբ: Մանկուց աշխարհի չեմպիոն դառնալու երազանք ունեցող հերոսը, ում ֆիլմում մարմնավորում է Միկա Ղափլանյանը, այդպես էլ իր երազանքն իրականություն դարձնել չի կարողանում: Փոխարենն անընդհատ ձախողում ու բազում դժվարություններ է հաղթահարում:
Միկա Ղափլանյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ դերի առաջարկը ստանալիս երկմտել է՝ կարծելով, որ կերպարն իր համար բարդ է ու անհաղթահարելի, սակայն ի վերջո համարձակվել է, քանի որ սցենարը բավական գայթակղիչ էր:
«Ինձ այս նախագծում առաջինը գրավեց սցենարը, միտքը և գաղափարը: Ֆիլմը ընկերության ու մարդկային փոխհարաբերությունների մասին է»,-պատմեց շախմատիստին մարմնավորող Միկա Ղափլանյանը:
Դերասանը նշեց, որ փոքր տարիքում զբաղվել է սիրողական շախմատով, անգամ մասնակցել առաջնության ու գրավել 2-րդ տեղը:
Միկա Ղափլանյանը խոստովանեց, որ կերպարի օգնությամբ հաղթահարել է շատ մեծ վախեր:
Ֆիլմի ռեժիսոր Գոշ Հակոբյանի խոսքով՝ բարդ էր ֆիլմը կյանքի կոչել, բայց, երբ սիրում ես, դժվարությունների մասին սկսում ես չմտածել:
«Գլխավոր դժվարությունը այն աստղաբույլն էր, որը տեսաք ֆիլմում: Նրանց բոլորին հավաքել մեկ վայրում և սխալվել՝ անթուլատրելի էր: Երբ տեսախցիկի առաջ տարիների փորձ ունեցող, հայտնի, սիրված և ընդունված դերասաններ են, չի կարելի սխալվել»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Գոշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նպատակն էր նոր որակ ապահովել:
«Ֆիլմում ավելի շատ տեսնում ենք այն, ինչ չի կարելի անել»,- հավելեց ռեժիսորը:
Սերիալը նոր ձեռագիր բերեց հայկական ֆիլմարտադրության մեջ, կարծում է դերասան Սաշ Սուքիասյանը: «Ֆիլմը նոր մոտեցում բերեց: Շատերը հարցնում են՝ ֆիլմում դեպքերը զարգանում են 90-ականների՞ն, թե ներկա ժամանակաշրջանում: Սա ևս նոր ձեռագիր է, «Շախմատիստ»-ում զուգահեռ են զարգանում գործողությունները»,-նշեց դերասանը:
«Ես մաքսիմալիստ եմ և միշտ վերջում բավարարված չեմ լինում: Իսկ ամենահաջողված գործս միշտ վերջինն եմ համարում»,- ամփոփեց ռեժիսոր Գոշ Հակոբյանն, ում խոսքով՝ հաջորդ նախագիծը լինելու է գեղարվետսական ֆիլմ, որի վրա աշխատանքներն արդեն սկսվել են:
Հիշեցնենք, որ «Շախմատիստը» ֆիլմի վերջին մասերն արդեն հասանելի են Կինոդարանում:




















































