Էդվարդ Նալբանդյանը Թինաթին Խիդաշելիին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ՀՀ և Մինսկի խմբի ջանքերը
POLITICSՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 1-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ երկու բարեկամ երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թինաթին Խիդաշելին ներկայացրել է իր այցելության նպատակները, Պաշտպանության նախարարությունում ունեցած հանդիպման արդյունքները։
Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորություններին։
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։



