Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխատասեր էր շատ, փոքրիկ գյուղատնտես էր: Խելացի էր, կարգապահ, պարտաճանաչ, բայց սովորել չէր սիրում: Գյուղատնտեսությունից, հողագործությունից գաղափար ուներ: Գործի մեջ աշխույժ էր, իսկ ընդհանրապես շատ հանգիստ ու լուրջ էր: Փոքր տարիքից կարծես մեծ մարդ լիներ, կարող էինք իրենից խորհուրդ հարցնել տարբեր հարցերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալմաստը՝ Հրաչի մայրիկը:

Հրաչը ծնունդով Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղից է: Հաճախել է գյուղի դպրոցը: Մայրիկն ասում է՝ որդին շատ էր սիրում իր դասղեկին: «Նա ֆիզիկա էր դասավանդում, Հրաչն էլեկտրականությունից հասկանում էր, այդ առարկան էլ սիրում էր: Եթե մտքին դներ, կսովորեր, կարդում էր, բայց շատ քիչ: Վարորդական իրավունք ստանալու համար հաճախեց Գյումրիի ԴՕՍԱԱՖ ավտոդպրոց, որպեսզի ծառայության վայրում վարորդ լիներ: Հարյուրավոր երեխաներ են եղել, 150 երեխայից քննությունն առաջինն ինքն է հանձնել ու առաջինն էլ դրական գնահատական ստացել: Եթե ցանկանում էր, անում էր, եթե չէր ուզում, ուղղակի չէր անում»: Դպրոցն ավարտելուց հետո Հրաչն ուսումը շարունակել է ԴՕՍԱԱՖ-ում: «Վերջին քննությունը դեկտեմբերի 12-ին էր, ուրախզվարթ զանգեց, թե զինկոմիսարիատից են կանչել: Ես աշխատանքի էի, ասացի՝ լավ, դու գնա: Կրկին զանգեց, որ ծանուցագիր են տվել դեկտեմբերի 24-ի համար: Մտածում էի, որ գոնե Նոր տարին միասին կդիմավորենք, հետո կզորակոչվի: Բայց Հրաչս այլ կերպ էր մտածում. Մա՛մ, զորացրվելուց Նոր տարուն արդեն տանը կլինեմ, միասին կդիմավորենք»: Կարծես հաշվարկած լիներ ամեն ինչ»:

Բանակից վերադառնալուց հետո Հրաչի բոլոր նպատակները կապված էին գյուղի ու գյուղատնտեսության հետ: Նա շատ ու շատ երիտասարդների նման չէր ձգտում դեպի քաղաք: «Գյուղից դուրս ապրելու մասին չէր էլ մտածում, գյուղատնտեսությամբ էր ուզում զբաղվել, կարտոֆիլի և ցորենի արտեր մշակել: Անգամ երբ փոքր էր, ասենք, կովը հորթ պիտի ունենար, իրեն ամեն ինչ հետաքրքիր էր, պետք է գար, նայեր: Հավ, սագ, բադ... թռչունների հանդեպ էլ անտարբեր չէր: Ի տարբերություն Հրաչի, փոքր եղբայրը սեր չունի գյուղատնտեսության հետ, կարծես ձգտի դեպի քաղաք: Հրաչիս երազանքը գյուղի սկզբնամասում մեծ տուն կառուցելն էր, անգամ նշում էր՝ եթե այդտեղ չապրեմ էլ, պետք է այդ տունը կառուցեմ, որ բոլորն ասեն՝ դա Հրաչի տունն է: Երբ հետո իրեն գտանք, այդ տեղում էլ եղավ իր «տունը», որտեղ նրա երազանքի իրական տունը պիտի կառուցվեր»:

2019 թ. դեկտեմբերի 24-ին Հրաչը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Սյունիքի մարզի Ագարակի զորամասում, սակրավորների վաշտում վարորդ էր: «Սիրով մեկնեց ծառայության, նույն սիրով էլ ծառայում էր, մեկ օր չդժգոհեց, մեկ օր չասաց՝ այսինչ բանը վատ է, իր համար միշտ ամեն ինչ կարգին էր: Իրենք սահման շատ չէին բարձրանում, քանի որ սակրավորներ էին, անհրաժեշտ գործողությունների ժամանակ նոր բարձրացնում էին դիրքեր: Հրաչն ասում էր. «Տղեն պիտի ծառայի, տղեն իր տունը սիրում է, երբ դիրքում է կանգնում: Դիրք կանգնող տղեն նոր հասկանում է, որ իր ընտանիքն ու տունը սիրում է, դա լրիվ ուրիշ զգացողություն է»: Իրենց վաշտի տղաներով մեկ ընտանիքի նման էին, նկարներ ու տեսանյութեր էին ուղարկում, 18 հոգով կարծես եղբայրների պես լինեին, կապված էին իրար հետ»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Ինչպե՞ս Մեղրիում ծառայող սակրավորների վաշտը հայտնվեց մարտի դաշտում: «Պատերազմի սկսվելուց երկու-երեք օր անց սկսեցին իրենց զորամասից զինվորներին տեղափոխել Արցախ: Իրենց էլ էին վաշտով տարել պատերազմ: Հիմնական հարցն էր՝ իրենք սակրավոր են, ի՞նչ են անելու ռազմի դաշտում, զենք բռնել չգիտեին: Իրենց վաշտի հրամանատարը գնդի հրամանատարին ասել էր՝ իմ երեխեքն ի՞նչ են անելու: Արձագանքել էր՝ պատերազմ է, հրաման է, պետք է կատարեք: Տղաներն անգործ չէին մնացել պատերազմի դաշտում, կռվել էին: Հոկտեմբերի 4-ին Կուբաթլուում ընկել էին շրջափակման մեջ: Ասում էր՝ չորս կողմից թուրքերն էին, մեջտեղում՝ մենք: Չգիտեմ էլ, թե ոնց էին այդտեղից դուրս եկել: Այդ օրը զանգել էր՝ մա՛ ջան, որ մեզ այսօր բան չեղավ, էլ ոչ մի բան չի լինի: Այդ օրերին, եթե անգամ չէր զանգում, գրում էր, որ լավ է, «դուք լավ եղեք, չմտածես»: Կարևորը՝ գիտեինք, որ իր հետ ամեն բան կարգին է: Անգամ չէինք ուզում, որ զանգեր, վախ կար, որ իրենց ինչ-որ բան չպատահի, կարևորն իր հեռախոսը հասանելի էր կամ նամակ էր գալիս, բայց մյուս կողմից էլ չէի պատկերացնում, որ, հնարավոր է, հեռախոսն ուրիշի ձեռքում հայտնված լինի»: Տղաները եղել են Կուբաթլուում, Ջրականում, Հորադիզում, Հադրութում:

Հրաչի ու մայրիկի վերջին զրույցը եղել է «դեպքի» օրը՝ հոկտեմբերի 9-ին: «Ցերեկը ժամը երկուսն էր, տանն էի, խոսեցինք բավականին երկար: Իմ անհանգստություններին արձագանքում էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց զգում էի, որ իր նման չէ: Փաստորեն, իրենց տեղափոխում էին, և տղաները գիտեին, որ վերադառնալու հավանականությունը շատ քիչ է: Այդ օրը զրույցի ժամանակ ինձ ասաց՝ լսե՛, մե՛րս: Ինձ երբեք նման կերպ չէր դիմում, զարմացա: Ասաց. «Գիտեմ, որ դու ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես, դու Անդո ունես, ուրիշները դա էլ չունես»: Արձագանքեցի՝ Հրա՛չ, ի՞նչ ես խոսում: Մենք այնքան լավ էինք իրար հասկանում, կես խոսքից, անգամ կարելի է ասել մեկ հայացքից: Այդ խոսքերից հետո ես լսեցի, որ իրեն կանչում էին, ասաց՝ լավ, մա՛ ջան, գնացի, արդեն ուշ է: Ու խոսքի մեջ ասաց, որ հեռախոսը լիցքավորում չունի, գուցե չզանգի, չանհանգստանամ: Այդ օրն էլ զանգ չեղավ: Հոկտեմբերի 10-ին շատ անհանգիստ էի, տեղս չէի գտնում, վատ զգացողություն ունեի: Հոկտեմբերի 11-ի առավոտյան իրենց անունները կարդացինք»:

Հրաչը զոհվել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում: Օրեր անց Հրաչը «տանն էր»: «Այդ մի քանի օրն իրեն ամենուր փնտրել եմ: Հետո իմացանք, որ իրենց ամբողջ վաշտին տեղափոխել են Հերացի, բոլորի անունները գրված էին, գտնելու դժվարություն չենք ունեցել: Իրենց վաշտից բոլորը զոհվել էին, բացառությամբ մի տղայի, նրա զույգ եղբայրը ևս զոհվել է, իսկ նա «Ուրալի» հետևի մասում՝ բաց տեղն է նստած եղել, երբ ԱԹՍ-ն հարվածել է, հարվածի ալիքը իրեն հեռու է գցել, և նա ողջ է մնացել: Իրենց վաշտից ողջ է մնացել նաև ծառայության պետը»: 2021 թվականին տղաների զոհվելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, տիկին Ալմաստի խոսքով, մինչ օրս դատական նիստերը շարունակվում են:

Ապրելու ուժի մասին: «Հրաչից հետո շատ ծանր հոգեվիճակում էի, երկու տարի անտանելի ապրումների մեջ էի: Մի օր փոքր տղաս եկավ. «Մա՛ ջան, ես չգիտեի, որ դու մենակ Հրաչին ես ունեցել, բա ինձ ո՞ւմ ես թողնում»: Ու ես ինձ հավաքեցի, հասկացա, որ տղաս մենակ է մնալու: Իրենց հայրիկը մահացել է, եղբայրը չկա, չեմ կարող որդուս մենակ թողնել»:

Հ. Գ.- Հրաչ Մահտեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Ազատանում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank