Արևի ժամացույցը «Զվարթնոց» պատամամշակութային արգելոց-թանգարանի ուշագրավ ցուցանմուշներից է. Լարիսա Հարությունյան
SOCIETYԱրևի ժամացույցը «Զվարթնոց» պատամամշակութային արգելոց-թանգարանի ուշագրավ ցուցանմուշներից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է «Զվարթնոց» պատամամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը:
Զվարթնոց տաճարի պեղումների ժամանակ փլատակների մեջ հայտնաբերված արևի ժամացույցը 1937 թվականից ցուցադրվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Արևի ժամացույցները լայնորեն հայտնի են հայկական ճարտարապետության մեջ և′ VII դարում, և′ ավելի ուշ շրջաններում:
«Սովորաբար արևի ժամացույցները լինում են կիսաշրջանաձև, բայց տաճարի պեղումների ընթացքում հայտնաբերված արևի ժամացույցը շրջանաձև է պատրաստված: Հավանաբար, այստեղ որոշակի նշանակություն է ունեցել, թե որտեղ է տեղադրվել ժամացույցը: Այն եղել է հարավային շքամուտքից վերև՝ շրջանաձև պատուհանների շարքում: Ներդաշնակություն ապահովելու համար ճարտարապետը մտածել է ժամացույցին տալ այս ձևը»,-ասել է Լարիսա Հարությունյանը:
Լարիսա Հարությունյանն այցելուների ուշադրությունը հրավիրում է դրա վրա պահպանված հետևյալ արձանագրությանը. «Աղաւթեսցեն առ Տէր ամենայն սուրբ ի ժամ ընդունելի» (Աղոթքն ամեն սուրբ ժամ ընդունելի է Տիրոջը):
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում կարելի է տեսնել ոչ միայն արևի ժամացույցը, այլև պեղումների ընթացքում արված բացառիկ լուսանկարներ, որոնցից երևում է, թե տաճարի որ հատվածում է գտնվել այն: Այդ լուսանկարներում, արևի ժամացույցի մոտ, բանասեր, բանահավաք, հնագետ Խաչիկ Դադյանն է, որը 1900 թվականից ձեռնամուխ է եղել Զվարթնոցի պեղման աշխատանքներին:



