Հայ հրաձիգները բարելավել են ցուցանիշները օդամղիչ զենքերի միջազգային մրցաշարում
SOCIETYԳերմանիայի Մյունխեն քաղաքում շարունակվում է օդամղիչ զենքերի միջազգային մրցաշարը (IWK - INTERNATIONAL AIR GUN COMPETITION), որին Հայաստանից մասնակցում է 10 մարզիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունի ց, հունվարի 29-ին, 10մ, օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց վարժությանը մասնակցող 56 երիտասարդները կրկնել են վարժությունը: Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը գերազանց են հանդես եկել` անհամեմատ բարելավելով արդյուքները: Զավեն Իգիթյանը խոցել է 577 միավոր և 4-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ: Նախորդ կրակի համեմատ նա բարելավել է արդյունքը 4 միավորով: Եզրափակիչում Զավենին չի հաջողվել բարելավել դիրքերը: Զավեն Իգիթյանը եզրափակիչ ութնյակում մրցելույթն ավարտել է` մնալով նույն 4-րդ հորիզոնականում: Նրա անձնական մարզիչն է Խորեն Իգիթյանը:
Նույն վարժությունում հանդես եկող Հայաստանի մյուս մասնակիցը` Բենիկ Խլղաթյանը, գրավել է 11-րդ տեղը` խոցելով 571 միավոր: Նա նախորդ արդյունքի համեմատ խոցել է 10 միավոր ավելի և մրցաշարային աղյուսակում բարելավել դիրքերը 17 հորիզոնականով: Բենիկ Խլղաթյանի`մյունխենյան միջազգային մրցաշարում խոցած 561 և 571 միավորները անձնական ռեկորդ են: Նրա անձնական մարզիչն է Արմեն Սիմոնյանը:
10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդների պայքարում հանդես եկող 60 մարզիկները նույնպես կրկնել են վարժությունը: Հայկ Բաբայանը բարելավել է արդյունքը, խոցելով 616,6 միավոր, գրավել է 36-րդ տեղը: Վրեժ Թորոսյանը գրավել է 50-րդ տեղը` խոցելով 613,1 միավոր:
10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց կանանց վարժության 101 մասնակցից Մարիամ Միքայելյանը գրավել է 80-րդ տեղը` խոցելով 409,6 միավոր, Իրինա Լաուերը (Աղաջանյան) խոցել է 408.2 միավոր, սակայն կրակից հետո, հրաձգության հատուկ համազգեստի` չափանիշներին չհամապատասխանելու պատճառով, որակազրկվել է:
Հունվարի 30-ին մեծահասակների պայքարում հանդես եկող և՛ կանայք, և՛ տղամարդիկ կկրկնեն վարժությունները: Հրացան ձևում հանդես են գալիս Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, Քրիստիան Լաուերը, իսկ ատրճանակ ձևում` Էլմիրա Կարապետյանը:
Հայաստանի հրաձգության հավաքական թիմը միջազգային մրցաշարին մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Մյունխենյան միջազգային մրցաշարը մարզիկների մասնակցությամբ և մրցման կազմակերպվածությամբ չի զիջում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Այն միջազգային լուրջ ստուգատես է փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:



