Ուոլթերի զեկույցի կասեցումը հաջողություն էր մեր դիվանագիտության համար. Շարմազանով
POLITICSՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկված երկու զեկույցները, որոնցից մեկը մերժվել է, իսկ մյուսն ընդունվել վեհաժողովի կողմից: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ա յդ զեկույցները հայանպաստ չէին, սակայն ավելի ադրբեջանամետ ու իր մեջ վտանգ պարունակող էր առաջին՝ Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, որով Ադրբեջանը փորձ էր կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել այլ հարթակում, ինչն անթույլատրելի է: Եվ այս իմաստով այդ նախաձեռնության կասեցումը շատ կարևոր և հաջողություն է մեր դիվանագիտության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Անդրադառնալով բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձևին, որը վեհաժողովի կողմից ընդունվեց, Շարմազանովը նշեց, որ այդ զեկույցի հետ կապված կա երկու կարծիք, որոնց հետ ինքը համաձայն չէ: «Կարծիքներից մեկն այն է, որ դա ընդամենը թղթի կտոր է, իսկ մյուսն այն, որ այն լուրջ վտանգ է պարունակում: Ես ոչ մեկի հետ համամիտ չեմ: Իհարկե, սա ընդամենը թղթի կտոր չէ, որովհետև ԵԽԽՎ-ն լուրջ կառույց է, բայց, միևնույն ժամանակ, այն չի կարող ունենալ իրավական ուժ: Պարզապես մենք պետք է շատ ավելի համախմբված աշխատենք, ամենօրյա աշխատանք իրականացնենք, ակայն նաև պետք է գիտակցենք, որ կան պետություններ, որոնք ունեն մեծ քանակությամբ պատվիրակներ, ամեն անգամ՝ անկախ բովանդակությունից, մշտապես քվեարկել, քվեարկում և քվեարկելու են Հայաստանի դեմ: Այդ իմաստով մենք պետք է պատրաստ լինենք այնտեղ ավելի ակտիվ աշխատելուն»,- ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իրականացրած աշխատանքը:



