Սասունի հայերի միության նախագահը դատական գործ է հարուցել հայկական եկեղեցիները վնասող անձի դեմ
CULTURE
Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և համերաշխության մշակութային միության նախագահ Ազիզ Դաղջըն դատական գործ է հարուցել հույն Էֆրիմ Բաղի նկատմամբ՝ պնդելով, որ վերջինս, լինելով գանձ որոնող, մեծ վնաս է հասցնում հայկական եկեղեցիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր » լրատվականը:
«Գիտեմ, որ Էֆրիմ Բաղ անունով մեկն այս տարածքներում գանձեր է որոնում: Գանձերի որոնման հետևանքով հայկական համայնքին պատկանող եկեղեցիները և գերեզմանատները վերածվել են խլուրդների բույնի»,- նշել է Դաղջըն՝ ընդգծելով, որ տվյալ անձը վնաս է հասցրել Սասունի Քոմք վանքին:
Սասունի հայերի միության նախագահը հայտնել է նաև, որ Էֆրիմ Բաղն իրականում հույն է, սակայն ներկայացնում է իրեն որպես հայ՝ մտնելով հայերի շարքերը: «Էֆրիմ Բաղ անունով անձն իրեն ներկայացնում է որպես հայ, և զբոսաշրջիկի կերպարանքով գալով այս տարածքներ՝ գանձ է սկսում որոնել: Նրա նման մարդկանց պատճառով մեր պատմական կառույցները վերածվում են խլուրդի բույների: Մեր պատմությանը տեր կանգնելու նպատակով նրա դեմ դատական գործ եմ հարուցել»,- ասել է Դաղջըն:




















































