Կառավարությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի շենքը տրամադրեց Հանրային ռադիոյին
POLITICSՀՀ կառավարությունը Երևանի Տերյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 198,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0195 հա հողատարածքը վերցրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնից և ամրակցեց, ներդրեց «Հայաստանի հանր ային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ շենքը գնահատվել է ավելի քան 98 մլն դրամ: «Առաջարկվում է այն, որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքով ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` դրա գնահատված արժեքի չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքելով նշեց, որ նախկինում այդ ամբողջ շենքն էժան է վաճառվել: «Եթե մենք 200 քառակուսի մետրը մոտ 200 հազար դոլարով ենք առաջարկում, ինչո՞ւ ենք այն ժամանակ այդքան էժան գնահատել, ի՞նչն էր պատճառը»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը և հանձնարարեց այդ հարցը կրկին քննարկել:



