Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր». սերժանտ Կարեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից սպորտ էր սիրում, զբաղվել է ֆուտբոլով, ըմբշամարտով: Բազմաթիվ մրցումների է մասնակցել Հայաստանում, Իրանում, Ռուսաստանում: Հաղթանակներով, մեդալներով ու պատվոգրերով է տուն վերադարձել: Կարենս շատ ճարպիկ էր, աշխույժ: Թողել էր սպորտը, բայց երբ իր թիմակիցները պետք է մրցումների մեկնեին Իրան, Կարենն էլ իրենց հետ մեկնեց: Իր վերջին մրցումներն էին, որտեղից նորից հաղթանակով վերադարձավ»,-«Փաստի» հետ զրույցում որդու՝ Կարենի մանկությունն ու պատանեկությունն է հիշում հայրիկը՝ Արթուրը: 
 
Նրա խոսքով, որդին դպրոցում բոլոր առարկաներին հավասար ուշադրություն էր հատկացնում, բայց իր համար առաջնային տեղում սպորտն էր: «Խոստացել էր զորացրվելուց հետո շարունակել մարզումները: Զորամասում ազատ ժամերին մարզադահլիճ էր հաճախում, տղաներին էլ՝ հետը տանում, կարծես նրանց մարզիչը լիներ»: Որդու բնավորության մասին խոսելիս նշում է՝ ընկերասեր էր, ազնիվ ու բարի: Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ընդունվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Մեկ կիսամյակ է հասցնում ուսանող լինել, իսկ 2019 թ.-ի հունվարի 25-ին զորակոչվում է բանակ։ Ծառայում էր Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության, ասաց. «Չեմ ուզում հետ ընկնել իմ հասակակիցներից: Կծառայեմ, կգամ, կշարունակեմ ուսումս»: Ծառայության վեցերորդ ամսում սերժանտի կոչում ստացավ: Կարգապահ էր, հետևողական, ամեն ինչ իր տեղում պետք է լիներ: Հարգված էր թե՛ հրամանատարական կազմի, թե՛ զինվորների կողմից: Վստահաբար, ծառայության ընթացքում նաև դժվարություններ է ունեցել, բայց երբեք չի տրտնջացել, չի բողոքել»:
 
Բայց պատերազմը փոխեց նաև Կարենի կյանքի ընթացքը: Առաջին իսկ օրվանից ամենաթեժ կետերում է եղել: Մարտական գործողությունների է մասնակցել ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Ֆիզուլի, Քարինտակ, Շուշի: «Երբ պատերազմն սկսվեց, նա հերթապահ էր: Այնտեղից միանգամից իրենց տարել են Խոջալու: Երկու օր մնում են այնտեղ, հետո տեղափոխում են Կարախամբեյլի գյուղ՝ Հադրութի ներքևի հատված: Մինչև հոկտեմբերի 24-25-ը մնում են այնտեղ: Թեժ մարտեր են եղել, մահից են պրծել: Ասում էին՝ գիշերը խրամատ էին փորում, ցերեկը՝ կռվում: Այդ խրամատներում նկարվել են, նկարները կան: Հետո, երբ Հադրութը հանձնեցին թուրքերին, իսկ Հադրութը հանձնել են, չեն գրավել, այդ ժամանակ իրենց տեղափոխել են այլ վայր՝ մի քանի օր հանգստանալու համար: Երբ մեքենաները շարժվել են, մեքենաների կանգնած վայրում վայրկյանների տարբերությամբ «սնարյադ» է պայթել: Ստացվում է, որ ինչ-որ պատահականությամբ տղաները ողջ են մնացել: Իրենց զենք էին տվել, Կարենին՝ հակատանկային նռնականետ, գնդացրորդ է եղել: Հետո տղաներին տեղափոխել են Քարինտակ:
 
Այնտեղ էլ ահագին կռիվ են տվել թշնամու դեմ: Լինում էր, որ կրակոցների ձայնը լսում էինք հեռախոսով: Անջատում էր, որոշ ժամանակ հետո զանգում ու ասում՝ մահից պրծանք»: Կարենը ծնողներին միայն մեկ բան է ասել՝ ամեն ինչ լավ է, երբ անգամ փրկվել է մահից մի քանի անգամ, երբ աննկարագրելի դժվարությունների միջով է անցել: Հադրութում թշնամու տանկ է ոչնչացրել, այդ կերպ ընկերոջ վրեժը լուծել: Քարինտակում թեժ մարտից հետո, կրկին մահից փրկվելով, ընկերոջն ասել է՝ նորից եմ ծնվել: «Քարինտակում գիշերային սարքերով նկատում են, որ թուրքերը գալիս են, վեց հոգով իրենց սպայի հետ գնում են դեպի Ստեփանակերտ իջնող ճանապարհը: Երկու օր կարողանում են ինչ-որ տեղ թաքնված մնալ, զորամասից իրենց ասել են՝ գալու ենք ձեզ տանենք հանգստանալու, բայց չեն տարել: Խաբել, պահել են այդտեղ, հետո նորից տարել Քարինտակ՝ երևի թե ավելի բարձր հատված: Նոյեմբերի 5-ին, երբ Քարինտակը հանձնած և զորքը դուրս բերած են լինում, իրենց սպաներից մեկն ասում է՝ ինչո՞ւ եք մնացել այստեղ: Կարենենք արձագանքում են, որ հրաման չեն ստացել հեռանալու:
 
Այնտեղից տարել են Շուշի, այսպես նշեմ՝ ներքևի խաչմերուկի մոտ: Նոյեմբերի 5-ին, 6-ին մնացել են այդտեղ: Նոյեմբերի 7-ին Շուշիի վերևի ճանապարհը բացված է եղել, և թշնամին արդեն այդտեղ է եղել: Այդ օրն առավոտյան 7-ին խոսեցի իր հետ: Երբեք չդժգոհեց, ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց ոչ մի բանն էլ լավ չի եղել: Առավոտյան զանգից հետո որքան զանգում էինք, անջատում էր, անհասանելի էր, կռվի մեջ էին: Հիմա մտածում եմ, որ դիտմամբ չէր պատասխանում զանգերին, պատասխաներ՝ ի՞նչ ասեր: Կարենն արդեն վիրավոր է եղել: Փորձել են ներքևից դեպի վերև բարձրանալ, այդ ժամանակ ընկերները զոհվել են: Կարենն ու տղաներից մեկը վիրավոր վիճակում կարողացել են թաքնվել: Կարենս ոտքի վիրավորում էր ստացել, ինքն իրեն բուժօգնություն էր ցույց տվել, վիրակապել ոտքը: Նա երեք տեղից է վիրավորում ունեցել, ընկերը՝ մեկ»: Հայրիկը չի կարողացել տեսնել որդու զոհվելու վայրը, չի կարողացել մի պարզ պատճառով. 44-օրյա պատերազմը դեռ չավարտված, Շուշին այլևս թշնամու տիրապետության տակ էր: Կարենն ու ընկերը բարդ որոշում են կայացնում:
 
Կանխատեսելով, որ գուցե գերության մեջ հայտնվեն, վերջին փամփուշտներն օգտագործելով՝ նոյեմբերի 7-ին անմահանում են Շուշիի մատույցներում: «Թուրքն իրենց ձեռք չէր տվել: Իր զինվորական գրքույկը, որից մինչև հիմա անգամ իր սիրելի օծանելիքի հոտն է գալիս, թղթերը, հեռախոսները, ամեն ինչ իր մոտ էր մնացել»: Շուշիի չլինելիությունը՝ հանձնում կանվանեք դա, թե գրավում, մինչ օրս բազմաթիվ անպատասխան հարցերի տեղիք է տալիս: Կարենի պատմությունն էլ, որում նաև Շուշիի բերդաքաղաքն է կարմիր թելով անցնում, էլի բազմաթիվ անպատասխան հարցեր ունի: Սպան, որը, Կարենի հայրիկի խոսքերով, լքել է զինվորներին, հետո կապ է հաստատել տղաների հետ, որ հեռանան այդ տարածքից: Բայց ինչպե՞ս լքեին այդ տարածքը, երբ արդեն վիրավոր են եղել: Կամ՝ զորամասի հրամանատարը, որը դեռևս նոյեմբերի 5-ին պետք է մեքենա ուղարկեր տղաների հետևից ու չի ուղարկել: Հարցերի հարցն է, թե ինչպե՞ս թշնամին հայտնվեց Շուշիում:
 
«Ես հրետանիում եմ ծառայել, Շուշիի ճանապարհներն անգիր գիտեմ: Ինչպե՞ս կարող էր թշնամին հայտնվել Շուշիի վերևի հատվածում»: Իսկ վերջում ապրելու ուժի մասին: Կարենը կրտսեր քույրիկ և եղբայր ունի, որը ծնվել է նրա զոհվելուց հետո: «Փոքր Կարենս, կարծես, բոլորի կատարելագործված տեսակը լինի: Մանկապարտեզ է հաճախում, արդեն աչքի է ընկնում իր աշխուժությամբ ու ճարպկությամբ: Աղջիկս, Կարենս ուժ են տալիս, որ ապրենք: Միշտ ասում եմ՝ սրտիս հիսուն տոկոսն ուրախություն է, հիսուն տոկոսը՝ տխրություն, այդ կերպ եմ ապրում: Փոքր տղաս բոլորիս ժպիտ է պարգևում, ուրախացնում, բոլորս իրենով ենք ապրում: Իհարկե, Կարենս մնում է Կարեն: Նա հարգված էր Ագարակում, քայլում էր, բոլորը նայում էին հետևից: Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր: Կարենը փոքր տարիքից է մեքենա վարել: Հիմա բոլորն են պատմում՝ ոչ մեկին չի թողել ճանապարհին: Բարի սիրտ ունեցող տղա էր»:
 
Հ. Գ. - Սերժանտ Կարեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation