Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ վերջին 5-6 տարին Հայաստանում հետևողականորեն ապականվում է նաև գործարար կյանքը, ներդրումային միջավայրն էլ՝ վերադիր, բանիմացների համար գաղտնիք չէ: Ավելին, այս մասին պարբերաբար բարձրաձայնում են տարբեր տնտեսագետներ, այլ մասնագետներ: Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի իշխանության գալուց անմիջապես հետո առաջին քայլերից մեկը, կհիշեք, գործնականում «բանկային գաղտնիք» ասվածի չեղարկումն էր: Սա արդեն իսկ «դեղին քարտ» էր պոտենցիալ ներդրողների համար: Մենք այստեղ առանձնապես չենք ծավալվի առ այն, թե ինչ կաթնառատ գետեր ու կիսելային ափեր էր խոստանում Նիկոլ Փաշինյանը թե՛ իշխանության գալուց հետո, թե՛ մանավանդ «ընդդիմադիր աշխատելու» տարիներին, առավել ևս՝ «թավշյա, ոչ բռնի» և այլն «հեղափոխության» օրերին:

Գործարարները նման ոտանավորների սիրահարներ չեն, այլ անհամեմատ «հողին կպած» են և առաջնորդվում են, որպես կանոն, չոր հաշվարկներով և կոնկրետ իրողություններով: Առավել ևս՝ խոշոր ու առանձնապես խոշոր սեփականատերերը, ներդրողները, մեծ ընկերությունները: Իսկ նրանց համար «բանկային գաղտնիքը» պայմանական մի բանի վերածելը «ստոպի» ազդանշան է: Բայց միայն դա չէ խնդիրը: Փաշինյանական իշխանությունները, հասկանալի է, իրենց վարչապետի ուղիղ կարգադրություններով, անմիջապես նետվեցին «գործարար աշխարհին», այսպես ասած, փետրահան անելուն: Եթե հակիրճ, ապա արագորեն անցան այնպիսի գործողությունների, որոնք հենց իրենք ժամանակին սաստիկ քննադատում էին: Սա և՛ բիզնեսի ներկայացուցիչների վրա «նալոգ դնելն» է՝ զանազան «հիմնադրամների» մուծվելու հետ կապված, և՛ փաշինյանական օլիգարխներին արտոնություններ տալը, և՛ «յուրայիններին» պետպատվերներով ապահովելը, ըստ որում, ինչ մրցույթ-բան, միանգամից՝ «մեկ անձից գնումով», և՛ գործարարների վրա «նայեզդները» (կներեք, փաշինյանական բառամթերքից օգտվելու համար): Այդ և ոչ միայն այդ երևույթներին դեռ կվերադառնանք:

Քավ լիցի, օրինակների ու փաստերի պակաս չկա ամենևին: Սակայն նախ՝ համեմատաբար «թարմ» տեղեկությունների մասին: Վերջին շրջանում, ու ոչ միայն զրուցատաղավարներում կամ մամուլի էջերում, այլև՝ իշխանության միջանցքներում ինտենսիվ խոսակցություններ են շրջանառվում, այսպես ասենք, ՀԷՑ-ը խլելու թեմայով: Խոսքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանից «խլելու» մասին է: Կամ առնվազն որոշ մասը: Ճիշտ է, օրերս Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հերքեց դա՝ հայտարարելով, որ իշխանությունները ոչ մի նման բան չեն անում, բայց, դե, մախաթը պարկում դժվար է թաքցնել, իսկ ծուխն էլ անկրակ չի լինում: Բանն այն է, որ Երևանի ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի, ԲԷՑ-ի վթարների ու, դրանցով պայմանավորված, էներգամատակարարման պարբերական ընդհատումների խորապատկերում մամուլում մի շարք հրապարակումներ եղան առ այն, որ փաշինյանական իշխանությունները հող են նախապատրաստում առկա դժգոհություններն օգտագործելու և ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխելու նպատակով: Առաջիկայում, կարծում ենք, այս հարցում որոշակիություն կլինի:

Հաշվի առնելով Փաշինյանի իշխանության գործելակերպը՝ չի կարելի բացառել, որ նրանք պարզապես «փայ մտնեն» ՀԷՑ-ում: Հնարավոր է՝ ի դեմս կառավարության: Դրա փորձը նրանք ունեն: Հիմա ոմանք կասեն, թե՝ բայց չէ՞ որ այդ եկամուտները պետությանն են գնում: Բայց նախ՝ կարելի է հանգիստ հակադարձել այդպես ասողներին, թե՝ իսկ դուք ի՞նչ գիտեք, ինչո՞ւ եք այդքան վստահ: Այդ ե՞րբ է Փաշինյանի իշխանությունը որևէ հարցով, առավել ևս՝ ֆինանսատնտեսական բնույթի հարցով հաշվետվություններ ներկայացրել: Խոսում ենք մի կառավարության մասին, որ անվարան մտավ «Հայաստան» հիմնադրամի գրպանն ու միանգամից 100 միլիոն դոլարի չափ գումար վերցրեց... պարգևավճարներ բաժանելու համար: Երբևէ հաշվետու եղա՞ն: Մի իշխանության մասին ենք խոսում, որ անգամ պատերազմում զոհվածների անունները պաշտոնապես չհրապարակեց՝ գաղտնի պահելով զոհվածների իրական թվերը:

Եվ հետո, անկախ այն բանից, թե ինչն ուր է գնում, պետական իշխանության կողմից, այն էլ՝ «ռեյդերական զավթումների» եղանակով բիզնեսներում «փայ մտնելը» արդեն երկրորդ «դեղին քարտն» է պոտենցիալ ներդրողների համար: Իսկ երկու դեղին քարն, ինչպես հայտնի է, դառնում է կարմիր քարտ: Այսինքն, ցանկացած խելամիտ ներդրող, տեղեկանալով այդ երևույթներին ու փաստերին, ամենևին չի ցանկանա գործ ունենալ նման երկրի հետ: Բայց վատն այն է, որ հարցերը միայն նշված հոռի երևույթները չեն: Թվարկենք ևս մի քանիսը:

Նախ՝ Փաշինյանի իշխանությունը չունի տևականության ու հուսալիության բաղադրիչ՝ տնտեսական «խաղի կանոնների» կայունության առումով: Ասենք, չունի ոչ միայն տնտեսականի պահով, այլև առհասարակ: Սա մի իշխանություն է, որը ցանկացած պահի կարող է փոխել «խաղի կանոնները», քնել ու վեր կենալ, և հո՛պ, նոր օրենքներ են գործում: Դա առնվազն անլուրջ է: Իսկ բիզնեսի և ներդրողների համար՝ վանող: Ավելին, վերջին շրջանում փաշինյանական իշխանության խորխորատներում մշակվում են օրինագծեր, որոնք նախատեսված են եղած գործարարներին ավելի սաստիկ մամլիչի տակ դնելու համար: Խոսքը, կռահեցիք, այն «նիկոլական» օրինագծի մասին է, որով նախատեսվում է հարկային ինչ-ինչ խախտման դեպքում (հարկեր թաքցնելու) գործարարին ոչ միայն տուգանել, ոչ միայն նրանից վնասի փոխհատուցում ստանալ, այլև շարունակել պահել անազատության մեջ:

Պարզ է, չէ՞, թե սրա նպատակը որն է: Նպատակը, մեծ հաշվով, գործարարներին բռի մեջ պահելն է, որ հանկարծ քաղաքական «խաղեր չտան», «խելոք» լինեն՝ մի խոսքով: Թե չէ խախտում կարելի է «գտնել» բոլորի մոտ: Առավել ևս, որ քիչ չեն օրինակները, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարները կամ ընդդիմադիր գործիչների ընտանիքի անդամ գործարարները ենթարկվել ու ենթարկվում են քրեական հետապնդման, ընդհուպ բացարձակ չհիմնավորված կալանավորման: Նման գործելակերպը, որ դրսևորում է փաշինյանական իշխանությունը, Հայաստանից վանում է գործարարներին ու ներդրողներին: Եղածները մտածում են հեռանալու, կապիտալը դուրս հանելու, գործը սառեցնելու կամ փակելու մասին, իսկ նորերն էլ ոչ մի ցանկություն չունեն մեր երկիր մտնելու: Իսկ դա նշանակում է, որ իրական տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, եղածներն էլ կտրուկ նվազում են, իսկ դա նշանակում է, որ եկամուտներն ու բարեկեցությունն անկում են ապրում, իսկ դա նշանակում է, որ երկիրը նաև տնտեսապես է դառնում անպաշտպան: Իսկ թե երբ «այլևս այսպես չի կարելի» մոտեցում կդառնա գործարարների համար, դա էլ երևի իրենք կիմանան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement