Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
POLITICSՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին (Tian Erlong):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը ողջունել է հյուրին և խոսել երկու երկրների միջև տարբեր, այդ թվում՝ երիտասարդական քաղաքականության, ֆիզկուլտուրայի և սպորտի և, հատկապես, սպորտային բժշկության ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին: «Սպորտային և վերականգնողական բժշկությունը լուրջ ավանդույթներ ունի Չինաստանում, որը պայմանավորված է ավանդական չինական բժշկության ձեռքբերումներով, և այս ոլորտում համագործակցությունը մեծապես կնպաստի մեր մասնագետների որակավորման բարձրացմանը և փորձառության մեծացմանը»,- ասել է նախարարը: Նա նաև հյուրին տեղեկացրել է, որ Հայաստանն աշխարհում բացառիկ պետություն է, որտեղ ամենաինտելեկտուալ մարզաձևը՝ շախմատը՝ որպես ուսումնական ծրագիր, ներդրվել է հանրակրթական դպրոցներում: «Այս ծրագրի կիրառումն արդեն տվել է բավականին լավ արդյունքներ և լուրջ հիմք է տալիս համոզվելու, որ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կպահպանի համաշխարհային շախմատային գերտերության իր տիտղոսը »,- ասել է նախարարը և տեղեկացրել, որ բազմաթիվ պետություններ ցանկանում են ուսումնասիրել հայկական փորձը և կիրառել այն իրենց երկրներում:
Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանատունը կներդնի բոլոր ջանքերը վերոհիշյալ ոլորտներում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: «Սիրով կօգնենք, որ տարբեր ոլորտների մասնագետների համար կազմակերպվեն փոխանակման ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ»,- ասել է դեսպան Էրլունը:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների Չինաստանում վերապատրաստում անցնելու և Հայաստանում կամ Չինաստանում կազմակերպվող միջազգային մրցաշարերին երկու երկրների մարզիկների փոխմասնակցությանը վերաբերվող հարցեր: Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն երկու երկրների երիտասարդական հասարակական կազմակերպությունների փոխանակման ծրագրերի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:



